Որքանով ես տեղյակ եմ պատգամավորը ևս մարդ է. Քրիստինե Պողոսյանը՝ ՄԻՊ Արման Թաթոյանին
Երբ Ազգային ժողովում խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ԱԺ փոխնախագահի հասցեին, Դուք որևէ արձագանք չեք տալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին:
«Որքանով ես տեղյակ եմ, ներեցեք, եթե սխալ եմ հասկանում, բայց պատգամավորը ևս մարդ է և նրա իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ նրանից, իշխանական է, թե՝ ոչ»,-հավելեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մարդու իրավունքների գրասենյակը մարդու իրավունքներն է պաշտպանում և իր հայտարարություններով երկրում ֆոն է ստեղծում, ինչի համար կարևոր են այդ հայտարարությունները:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ադեկվատ միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև հայտնի միջադեպի, Պողոսյանն ասաց.
«Ձեր գրասենյակը րոպեների արագությամբ հասավ հայտնի խմբակին և Ձեր իրականացված զանգից 1 ժամ հետո մարդը ներկայացավ: Իսկ հարցը վերաբերում է ԱԺ փոխնախագահին»:
Թաթոյանը հայտարարեց, որ պաշտոնատար անձի հետ կապված, նրա իրավասության հետ կապված հարցերը և Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունների գործողությունների տիրույթն այլ է.
«Տարիների կարծրատիպ է այն, որ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի մարդու իրավունքները: ՄԻՊ-ը պաշտոնատար անձ է, ինչը նշանակում է, որ ունի կոնկրետ լիազորությունների շրջանակ, որտեղից չի կարող դուրս գալ, քանի որ օրենքի խախտում կլինի: Ընդ որում, դրանք սպառիչ լիազորություններ են»:
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպին, Թաթոյանն ասաց, որ Դանիելյանի փաստաբանն անհապաղ ահազանգել է թեժ գիծ.
«Երբ մենք նրա գտնվելու վայրն իմացանք, մեր աշխատանքային խումբ անհապաղ այցելել է: Արդյունքում գրություններ են ուղարկվել ոստիկանություն»:


