Ոնց է ստացվում, որ մեր իշխանության օրոք մեր որդիները, փեսեքը միլիոնատեր չեն, Հրաչյա Հակոբյան՝ ինչու միլիոնատեր չեք. Ռուբեն Ռուբինյան
«Ես բավականին զգայուն եմ դավաճանության նկատամբ: Դուք եկել եք 2018 թվականի հեղափոխությունից հետո, որ այդ թվում Քոչարյանի դեմ էր, մեզ մոտ հարցազրույց եք անցել, մենք ձեզ մտցրել ենք ցուցակ, հետո դարձել եք պատգամավոր: Որ ասում եք իշխանությունից գնացել եմ ընդդիմություն, մի քիչ երեսպաշտությամբ եք զբաղված, որովհետև մտածել եք՝ պատերազմն ավարտվել է, ամենայն հավանականությամբ հեսա սրանց հեռացնելու են իշխանությունից, հիմա ես արագ դուրս գամ, դառնամ անկախ պատգամավոր, հետո Քոչարյանը դրել էր թեկնածությունը, դուք երևի վստահ էիք, որ Քոչարյանը գալու է կրի, բայց չստացվեց: Դուք դավաճանել եք ոչ միայն մեզ, հետո դավաճանել եք նաև Վահե Հակոբյանին»,- ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմությունը խոսում է բաների մասին, բայց հետևողական չէ. «Օրինակ, եթե պարզվեր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին միլիոնատեր է, այդպես չէ, բայց եթե պարզվեր, գալու էիք ասեիք՝ ոնց է ստացվում, որ այս երկրում քիչ մարդկանց որդիներ են միլիոնատեր դառնում, բայց հենց Փաշինյանի որդին էր էնքան տաղանդավոր, որ ջահել-ջահել դարձավ միլիոնատեր, բայց հիմա չեք ասում, որովհետև միլիոնատեր չի: Բա ձեզ մոտ հարց չի առաջանում՝ ոնց ստացվեց, որ Քոչարյանի որդին է միլիոնատեր, ինչու էր այդպես, ինքը բիզնես հանճա՞ր է, եթե բիզնես հանճար է, ոնց է ստացվում, որ բիզնես հանճարները ձեր իշխանությունների օրոք միշտ եղել են ձեր իշխանավորների որդիները, փեսեքը, եղբայրները և նույն անալոգիայով ոնց է ստացվում, որ մեր իշխանության օրոք մեր որդիները, փեսեքը և մնացածը միլիոնատեր չեն: Պարոն Հրաչյա Հակոբյան՝ ինչու միլիոնատեր չեք, հանճարեղ չե՞ք, ապաշնորհի մեկն եք, մարդ էլ վարչապետի աներձագը լինի ու միլիոնատեր չլինի»:


