չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Օգոստոսի 8–ից հետո չեմ լսել, որ ասեն՝ «արևմտյան Ադրբեջան», իսկ ընդդիմությունը շատ մեծ կախման մեջ է Ադրբեջանից. Ռուբինյան

Օգոստոսի 8–ից հետո չեմ լսել, որ ասեն՝ «արևմտյան Ադրբեջան», իսկ ընդդիմությունը շատ մեծ կախման մեջ է Ադրբեջանից. Ռուբինյան

Մենք ունենք պատմական հնարավորություն հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալիզացնելու, անշրջելի և երկարատև դարձնելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«2026 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացիները ունենալու են ընտրություն, ընտրել երկարատև խաղաղությունը, որը կտևի տասնամյակներ, որոնց ընթացքում մարդիկ չեն ունենա արդեն մեզ համար վատ իմաստով հարազատ դարձած անհանգստությունը իրենց որդիների և եղբայրների, հայրերի, իրենց իսկ սեփական կյանքի համար, տասնամյակներ, որոնք մենք կծախսենք տնտեսական զարգացման համար։

Եվ կարող են ընտրել տարատեսակ մանիպուլյատորների, որոնց իշխանության գալու դեպքում փխրուն խաղաղությունը, ոչ առանց պրոբլեմների խաղաղությունը, բայց այնուամենայնիվ խաղաղությունը կդրվի վտանգի տակ։

Սրա երաշխիքը այն քայլերն են, որոնք մենք իրականացնում ենք։ Ես նկատի չունեմ, որ կա մեկ գործոն։ Օրինակ դելիմիտացիայի գործընթացը մեկ գործոն է, Վաշինգտոնյան հռչակագիրը երկրորդ գործոն է, Վաշինգտոնյան հռչակագրով սահմանված խաղաղությունը, միմյանց կողմից իրար տարածքային ամբողջականությունը ճանաչելը և վրեժը բացառելը մեկ այլ գործոն է։ «Թրամփի ուղին» մեկ այլ գործոն է: Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան երկաթուղային ներմուծումների արգելքը հանելը մեկ այլ շատ կարևոր գործոն է: Եվ այսպես քայլ առ քայլ մենք պետք է կառուցենք խաղաղությունը:

Եվ շատ կարևոր է, որ 2026 թվականին Հայաստանի ժողովուրդը որոշի, որ մենք ուզում ենք շարունակել այս ճանապարհը»,– հայտարարեց Ռուբինյանը։

Անդրադառնալով նրան, որ OC Media–ն մեդիան հետաքննություն էր իրականացրել ու պարզել, որ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը առաջ մղող կազմակերպությունը փոխկապակցված է Ալիևի աշխատակազմի հետ, նա ասաց. «Դուք ասում եք՝ Ադրբեջանն ի՞նչ է անում խաղաղության համար։ Պետք է նշեմ, որ ղազախական և ռուսական ցորենի իր տարածքով տարանցման արգելքը հանելը դրական իրադարձություն է։

Այո, այդ անընդունելի տերմինը ժամանակին օգտագործվել է Ադրբեջանի կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, բայց օգոստոսի 8-ից հետո այդ առումով այլ իրավիճակ է, այդ անընդունելի տերմինի օգտագործում ես չեմ նկատել և հուսով եմ, որ այդպես էլ կլինի։ Օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջան» տերմինի օգտագործում չեմ տեսել և շատ լավ է։

Օգոստոսի 8-ի հռչակագրի տակ սևով սպիտակի վրա գրված է՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, չունեն ու չեն ունենալու միմյանցից տարածքային պահանջներ, վրեժը մի կողմ են դնում, գնում են խաղաղության և այլն»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։

Հարցին՝ ինքը բացառո՞ւմ է, որ ադրբեջանցիները գալու են Հայաստան՝ նա պատասխանեց. «Ես համարում եմ, որ մեր ընդդիմությունը շատ մեծ կախման մեջ է Ադրբեջանից, որովհետև մեր ընդդիմության խոսույթի մի ահռելի բաժին ձևավորվում է Ադրբեջանում։ Նկատի ունեմ, որ եթե Ադրբեջանում մի շաբաթ հայտարարություն չանեն, մեր ընդդիմությունն ասելիք չի ունենա։ Պատահական չէր իրենց ցնծությունը Ալիևի վերջին հայտարարությունից։ Ընդ որում միայն Ադրբեջանից չէ, նաև այլ երկրների ԱԳՆ խոսնակներից իրենց խոսույթը ուղիղ կախման մեջ է։

Ես առաջարկում եմ Կիկոսի մահով չառաջնորդվել, եկեք առաջնորդվենք նրանով, ինչ գրված է և ստորագրված է։ Գրված և ստորագրված է, որ խաղաղություն է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որ ապագայում նույնպես տարածքային պահանջներ միմյանց չեն ունենալու»։

  • Կիսվել: