Ողջունում եմ ՀՀ-ում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կանենք, երբ սահմանը բացվի. Պապոյան
Թուրքական ընկերությունները ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012 - 2013 թվականներից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե ամերիկյան ընկերությունների անվան տակ կարող են հայտնվել թուրք-ադրբեջանական ֆինանսական միջոցներ և ընկերություններ։
Դրանք Հայաստանի հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի բրենդների տեսքով ներկայացված են։ Ընդ որում մեկի դեպքում շատ ուղղակի, այսինքն ոչ թե միջնորդավորված, այլ շատ ուղղակի։ Ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։
Ես շատ նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում, օրինակ, խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ նաև թուրքական, իսկ մենք էլ այնտեղ գնանք, ներդրում անենք։ Եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակների պատմությանը»,- նշեց նա:
TRIPP–ի մասով մեր գործակցությունը միայն և միայն Միացյալ Նահանգների հետ է։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ օրինակ կարող է որևէ երկրի, օրինակ թուրքական բրենդի ինչ-որ մի հյուրանոց բացվել, կարող է բացվել, ինչի՞ չի կարող»,– ասաց նախարար Պապոյանը։
«Ճանապարհի հետ որևէ այլ երկիր գործ չունի: Ճանապարհի հետ գործ ունեն ՀՀ-ն և Միացյալ Նահանգները: Այս հարցը սևով սպիտակի վրա գրված է: Այլ բան հնարավոր չէ, այլ բան չի էլ լինելու»,- ասաց Պապոյանը:
Հարցին՝ իսկ TRIPP-ը ենթադրո՞ւմ է Երասխից Նախիջևան ճանապարհահատվածի կառուցում, Պապոյանը պատասխանեց՝ Երասխից Նախիջևան երկաթուղու կտորը 1 կիլոմետրանոց փոքր հատված է, և որ դա անպայման գործակվելու է: «Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է 40 քանի կիլոմետրը սարքենք, այդ մի կիլոմետրը չէ,- ասաց նա, ապա անդրադառնալով ադրբեջանական կողմին ճանապարհ տալու խոսակցություններին, հավելեց.- Մենք ճանապարհ չենք տալիս, մենք ճանապարհ ենք կառուցում ՀՀ-ում: Դա ՀՀ-ի սուվերեն տարածքն է, դա մեր ճանապարհն է, մեր»:


