հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորաստեղծ պարեկային ծառայության մրցույթը չանցած աշխատակիցները այլ աշխատանքի կանցնեն ոստիկանական ամակարգում

Նորաստեղծ պարեկային ծառայության մրցույթը չանցած աշխատակիցները այլ աշխատանքի կանցնեն ոստիկանական ամակարգում

Հայաստանի կառավարությունը ոստիկանության համակարագում իրականացվող բարեփոխումների շրջանակում խորհրդարան է ներկայացրել «Ոստիկանության մասին»  և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկում է առանձին Պարեկային ծառայություն հիմնել։

Նախագծով մասնավորապես, առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5¬ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:

Ծառայությունն առաջին փուլով փորձնականորեն գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:

Այսօր Ազգային ժողովում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, հայտարարեց, որ Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության այն աշխատակիցները, որոնք այս երկու ծառայությունների փոխարեն ստեղծվող պարեկային ծառայությունում ինչ-ինչ պատճառով աշխատանքի չեն անցի, կստանան համակարգում այլ աշխատանքի առաջարկ:

Ըստ փոխնախարարի, ոստիկանության կողմից կադրային հնարավոր սցենարների մոտեցում է մշակվել: «Այն ծառայողները, որոնք չեն անցնի պարեկային ծառայության, իսկ դա նախ ենթադրում է մասնակցություն մրցույթի, այնուհետև կրթություն, ապա որոշակի աշխատանքային առաջարկություն կստանան ոստիկանության այլ ծառայություններում»,-ասաց Գրիգորյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ պարեկապահակային ծառայության շարային ծառայողների թիվը Երևանում 840 է, իսկ ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակը, որը ծածկում է Երևանը, 233 ծառայող ունի: Այսինքն՝ նրանց համատեղ թիվն անցնում է 1000-ից: Նոր պարեկային ծառայության դեպքում Երևանում շարային ստորաբաժանումների թիվը նախատեսվում է 700: Այպիսով, 700 հոգի են պատրաստվելու՝ չհաշված վարչակազմերը: «Նորից եմ վերահաստատում՝ ոստիկանության այն ծառայողները, որոնք չեն անցնի այս մրցույթը, կամ իրենք չեն ցանկանա անցնել այն նոր ծառայությանը, այլ աշխատանքի առաջարկ կստանան այլ ծառայություններում՝ օրինակ նույն ոստիկանության զորքերում»,-ընդգծեց փոխնախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: