ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր տվյալներ՝ Ապրիլյան պատերազմին Յուրի Խաչատուրովի մասնակցության մասին

Նոր տվյալներ՝ Ապրիլյան պատերազմին Յուրի Խաչատուրովի մասնակցության մասին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը և ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը տվյալներ են տրամադրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ։

Վերոնշյալ տվյալներն այսօր Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով նախնական դատական նիստում դատարանին ներկայացրեց Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի Խաչատուրովի ներկայացուցիչը հարցում էր ուղարկել Արտակ Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե Յուրի Խաչատուրովը 2016թ. ապրիլի 2–ին հակառակորդի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։

Փաստաբանի հարցմանն Արտակ Դավթյանը պատասխանել էր, որ 2016թ. ապրիլի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է եղել Յուրի Խաչատուրովը, որը, ստանալով տեղեկություններ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10-ից 03:15-ի սահմաններում, ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։

Գլխավոր շտաբի պետը նաև նշել է, որ գաղտնի տեղեկություններ պարունակելու պատճառով իր պատասխանը հիմնավորող փաստաթղթերի պատճենները չի կարող տրամադրել ։

Փաստաբանական հարցման է ենթարկվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը:

Ա. Բրուտյանը ևս հաստատել է, որ Յուրի Խաչատուրովը հակառակորդի գործողությունների մասին տեղեկանալուց հետո՝ ապրիլի 2-ին, ժամը 03:15-ի հատվածում, եղել է իր աշխատավայրում։

 Բրուտյանը նաև բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք եղե՞լ է դեպք, որ Յուրի Խաչատուրովն ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում անհարգելի բացակայի իր ծառայության վայրից և խուսափի իր պարտականությունների կատարումից:

«Խաչատուրովը շուրջօրյա եղել է հրամանատարական կետում»,-նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավարը։

Փաստաբանը հետաքրքրվել է նաև, թե Խաչատուրովի կամ այլ բարձրաստիճան սպաների գործողությունները հնարավորություն տվե՞լ են ենթադրելու, որ վերջիններս հակված են նրան, որ Ապրիլյան պատերազմի օրերին հայկական զինված ուժերը տարածքներ զիջեն, իսկ արդեն գրավվածները հետ չվերադարձնեն։

Արիս Բրուտյանը պատասխանել է, որ նման խոսակցություն չի եղել, և վերադասի կողմից նման հրամաններ չեն ստացել։ «Եղել է կարգադրություն՝ պլանավորել և հետ վերցնել հակառակորդի կողմից գրավված դիրքերը, ընդ որում, հնարավորինս շտապ»,-նշել է նա:

Խաչատուրովի ներկայացուցիչը Խաչատուրովն ընդդեմ Գրիգորյանի գործով այսօրվա նախնական նիստում հայտարարեց, որ բարձրաստիճան զինվորականների կողմից ներկայացված պատասխանները ևս մեկ անգամ հերքում են Գրիգորյանի կողմից Խաչատուրովին հասցեագրված մեղադրանքները։

Հիշեցնենք, որ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դեռևս նախորդ տարի տված իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան պատերազմին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել առ այն, որ Ապրիլյան պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովի կողմից:

Նշված հայտարարսություններից հետո Խաչատուրովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին։ Նա մեղադրվում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար։

  • Կիսվել: