նկատվում է դրամով տրամադրվող վարկերի չափաբաժնի կայուն աճ. Հայաստանի բանկերի միության նախագահ
2024 թվականի դեկտեմբերին, 2023-ի նույն ամսվա համեմատ, Հայաստանում գրանցվել է վարկերի 0.01 տոկոսով, ավանդների՝ 0.3 տոկոսով նվազում, ինչպես նաև գրանցվել է տոկոսադրույքների որոշակի նվազում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Առանձնացրել ենք ֆիզիկական անձանց 1-5 տարով և 5 տարուց ավելի ժամկետով տրամադրած վարկերը: Որպես կանոն, 1-5 տարի ժամկետով տրամադրվում են սպառողական, իսկ 5 տարուց ավելի ժամկետով՝ հիփոթեքային վարկեր:
Ֆիզիկական անձանց 1-5 տարով տրամադրված դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.7, իսկ արտարժույթով, հիմնականում, դոլարով տրամադրված վարկերինը՝ 1.5 տոկոսով: 5 տարուց ավելի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0.5 տոկոսով, մինչդեռ դոլարային վարկերինը աճել է 0.2 տոկոսով: Ըստ էության, 2024 թվականին Կենտրոնական բանկը որոշակի սահմանափակումներ էր սահմանել և ռեզիդենտներին հիփոթեքների ու սպառողական վարկերի տրամադրումն ամբողջությամբ արգելված էր: Հիփոթեքները ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերն էին, այդ իսկ պատճառով այստեղ աճը կարող է ճիշտ ցուցանիշ չարտացոլել»:
Ազատյանի խոսքով՝ նկատվում է դրամով տրամադրվող վարկերի չափաբաժնի կայուն աճ: Եթե 2014 թվականին Հայաստանում տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 67 տոկոսն արտարժույթով էր, իսկ 33 տոկոսը դրամով, ապա նախորդ տարի պատկերը ճիշտ հակառակն էր: Նույնը, ըստ նրա, վերաբերում է ավանդներին, որոնց 72 տոկոսը 2014-ին ներդրվել էր արտարժույթով, իսկ 2024-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 47 տոկոսի: Ազատյանը նաև հայտնեց, որ ներկայումս ավանդների 53 տոկոսը դրամով է:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1212926?fbclid=IwY2xjawIqvORleHRuA2FlbQIxMAABHc0vl7ueyrGYqO4V7utDt0JJjmv1aK7I4lY3zjZY1WgTYsYwml8wZ50KWQ_aem_8eEF_nllRJhiiWfyVj6VUA