Նիկոլ Վովաևիչ, եթե Ձեզ ինչ-որ բան պետք է, խնդրում եմ, կապվեք մեզ հետ. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում իր ելույթի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ պատրաստ է նպաստել բոլոր գործընկեր երկրներում ատոմակայանների կառուցմանը:
Այս կապակցությամբ նա նախ շնորհակալություն հայտնեց իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ նշելով. «Եվ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, շնորհակալություն մեր երկիրը իսկապես միջուկային պետություն դարձնելու, գաղտնիքներ չխնայելու, միջազգային իրավունքն ու սկզբունքները պահպանելու համար, և մենք պատրաստ ենք շարունակել գործել ոչ միայն Բելառուսում, այլև միջազգային մակարդակով՝ օգնելով կայանների կառուցմանը։ Մենք արդեն կարող ենք ամեն ինչ անել»:
Ըստ Լուկաշենկոյի՝ նախագիծը պատրաստ է իրականացման բոլոր գործընկեր երկրներում, «և նրանց, ովքեր դեռ մտածում են, թե որ կայանն են կառուցելու»։
«Մենք պատրաստ ենք մասնակցել։ Ես արդեն կարող եմ ասել, որ ռուսների հետ միասին մենք երաշխավորում ենք որակը։ Այո՛, Նիկոլ Վովաևիչ, եթե ձեզ ինչ-որ բան պետք է, խնդրում եմ կապվեք մեզ հետ։ Եթե նախագահը հաստատի, մենք պատրաստ ենք սկսել», - ասաց Լուկաշենկոն՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


