ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը սարսափում էր պատերազմից կամ սահմանային սրացումներից․ Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանը սարսափում էր պատերազմից կամ սահմանային սրացումներից․ Միքայել Մինասյան

Հայաստանի բոլոր ղեկավարներին միավորում է մեկ բան՝ Քաջազնունուց մինչեւ Սերժ Սարգսյան, Արամ Մանուկյանից մինչեւ Զարոբյան, իրենք երբեք չէին պայմանավորվի մեր թշնամու հետ. նրանք երբեք իրենց իշխանության համար չէին բարիշի, պայմանավորվի՝ վաճառելով մեր հողը եւ Հայաստանի քաղաքացիների կյանքերը. մի բան, որը Նիկոլ Փաշինյանն արեց Դուշանբեում: Այս մասին իր հերթական տեսաուղերձում նշել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Անդրադառնալով վերելակային դիվանագիտությանը, նա նշել է.

«Ես պատմելու եմ մի գործընթացի մասին, որը էքսպերտներն անվանել են վերելակային դիվանագիտություն: Դա սկսվեց Դուշանբեում, որտեղ Նիկոլ Փաշինյանը եւ իր կիրթ ու կառուցողական ընկեր Ալիեւը դուրս գալով վերելակից սկսեցին պայմանավորվել, եւ այդ խայտառակ փաստը տվեց Նիկոլ Փաշինյանին հնարավորություն զավթել Հայստանում իշխանությունը մինչեւ վերջ կամ ավարտին հասցնել այդ պրոցեսը, իսկ Իլհամ Ալիեւին տվեց ռազմավարական եւ մարտավարական այնպիսի առավելություն, որի գնը մենք արդեն վճարել ենք եւ վճարելու ենք հույս ունեմ քիչ ժամանակ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ դա լինելու է շատ-շատ դժվար: Այդ մարսելու գործընթացը սկսվելու է այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի ՀՀ իշխանությունից:

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ վախը. Նա սարսափում էր պատերազմից կամ սահմանային սրացումներից: Դրա համար, երբ առաջին անգամ հանդիպեց Ալիեւին Դուշանբեում եւ հնարավորություն ուներ տետատետ շփման, եւ Նախիջեւանի ուղղությամբ կային պրոբլեմներ, Նիկոլ Փաշինյանը մուրաց խաղաղություն՝ Հայաստանի ժողովրդի եւ Հայաստանի հաշվին: Մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը, որպեսզի անի ընտրություններ:

Ալիեւի ինչի՞ն էր պետք այդ ժամանակը Ալիեւին եւ ինչու նա տվեց այդ հնարավորությունը: Նայեք, ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությանը հաջողվել էր մի շատ կարեւոր բան, որին ձգտում էին Հայաստնի բոլոր իշխանությունները, մի բան, առանց որի Հայաստանը անընդմեջ պատերազմի վտանգի տակ էր: ՀՀ բոլոր իշխանությունները բարձրացնում էին հարց, որ մենք պարտավոր ենք ունենալ դիտորդական առաքելություն, այնուհետեւ տեխնիկական միջոցներ, որպեսզի վերահսկենք շփման գծի վրա բոլոր միջադեպերը եւ հնարավորություն ունենաք հասկանալու, թե ով է կրակում առաջինը եւ հասցեական մեղադրանքներ հնչեցնեն միջազգային միջնորդները: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքից ամենամեծ խաղաքարտը վերցնում են, որովհետեւ Հայաստանը երբեք չի սկսում կրակել: Ապրիլյան պատերզմից հետո Վիեննա քաղաքում եռանախագահող երկրների, ինչպես նաեւ ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով ստորագրվեց մի փաստաթուղթ, որն ամրագրում է, որ շուտափույթ պետք է ներդրվեն միջոցներ, որոնք բերելու են մջազգային դիտորդական առաքելության ավելացմանը եւ դրանից բխող տեխնիկական միջոցների ներդրմանը ամբողջ շփման գծի երկայնքով: Այնուհետեւ դա հաստատվեց Սանտկ Պետերբուրքում արդեն ՌԴ նախագահի ներկայությամբ: Եթե դա արվեր, մենք գրեթե կզորայցնեինք սահմանային միջադեպերի քանակը եւ գրեթե չէր լինի պատերազմի վտանգը եւ ամենակարեւորը, չէինք ունենա զոհեր:

Նիկոլ Փաշինյանը դա զիջեց, Փաշինյանը խնդրելով ժամանակավոր կրակի դադար, որպեսզի զավթի Հայաստանում իշխանությունը, նա զիջեց Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, ապացույց այն է, որ դրանից հետո ոչ ոք չի խոսել Վեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածոսւթյուների մասին, ոչ եռանախագահները, որ Փաշինյանը եւ ոչ էլ Ալիեւը»,-հայտարարեց Մինասյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը դրանից հետո  հայտարարեց, որ ինքը սկսում է նոր հեղափոխական գործընթաց Ղարաբաղի հարցով, դա նշանակում է, որ զրոյացնում ենք եւ սկսում ենք սկզբից. «Մնացականյանը այնուհետեւ փորձեց ինչ-որ ձեւով ակնկարկել, որ գիտեք մենք փորձում ենք վերադարձնել Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, բայց դա երբեք չի արվել պետության դե ֆակտո ղեկավարի բերանով: Ես համարում եմ, որ այս իշխանությունների օրոք այդ գնացքը արդեն գնացած է եւ Ադրբեջանը արդեն չի էլ խոսում դրա մասին եւ ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումներից մեկը Փաշինյանը փոխեց կամ բառացիորեն ծախեց այն ժամանակահատվածի եւ հնարավորության համար, որն իրեն թույլ տվեց Կարգին Հայկոյին սարքել քաղաքապետ, կամ աներձագ Հրաչին սարքել ԱԺ պատգամավոր»:

Մինասյանի  խոսքով` Իլհամ Ալիեւը փորձում էր ամեն տարի գարնանը Նախիջեւանի ուղղությամբ առաջ գալ եւ նույնը արեց 2018 թվականի ապրիլին, հայկական ԶՈՒ-ն էլ պահում էր դիրքերը կրակով, սակայն մայիսին արդեն իրավիճակ փոխվեց եւ քաղաքական ղեկավարությունը չէր տալիս կոնկրետ հրամանններ կրակն ակտիվացնելու համար:

«Դա էլ հնարավորություն տվեց ադրբեջանցիներին տեղ-տեղ  5 կմ-անոց տարածությունը կրճատել մինչեւ  750-ից 1500 մետր` մոտիկանալով հայկական գյուղերին, օրինակ Արեւիկ գյուղին, որովհետեւ իրենց երազանքն էր այդ հատվածը, որը գտնվում էր ՀՀ ԶՈւ հսկողության տակ վերցնել եւ հնարավոր կրակի տակ պահել հայկական գյուղերը եւ ամենակարեւորը ռազմավարական ճանապարհը`  Երեւանից մինչեւ Գորիս:

Բայց խնդիրը նա էր, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը հրաման տվեց չկրակելու եւ նույն հրամանը տվեց նաեւ Ալիեւը, բայց Ալիեը սկսկեց ամրապնդել արդեն իսկ վերահսկողության տակ վերցրած կետերը` ստեղծելով նոր ինժեներական կառույցներ, ստեղծելով ճանապարհներ եւ մատակարարման համար ամբողջ ինֆրաստրուկտուրան, որովհետեւ առանց դրա հայկական զորքերի կրակի տակ իրենք պետք է վերադառնային: Ես վստահ կարող եմ ասել, որ հայկական ԶՈՒ վերահսկողությունից կորցրած կարող ենք համարել ավելի քան 2000 հեկտար հող»,-ասաց նա:

 

  • Կիսվել: