Նիկոլ Փաշինյանը կարող է հուշագիր ստորագրել «Զանգեզուրի միջանցքի» մասին, սակայն դա չի համապատասխանում ՀՀ շահերին. Արա Աբրահամյան
ԱՄՆ կատարելիք իր ծրագրված այցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հուշագիր ստորագրել այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ վերաբերյալ, սակայն դա չի համապատասխանում Հայաստանի շահերին: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ամենայն հավանականությամբ, դատելով ստացված տեղեկություններից, խոսքը միջանցքի մասին է: Ալիևը, ըստ երևույթին, պայմանավորվել է Թրամփի հետ՝ բարի գործ է արել ամերիկացիների համար՝ այդ միջանցքը հանձնել ԱՄՆ վերահսկողությանը։ Հակառակ դեպքում ինչո՞ւ այնտեղ հրավիրել Փաշինյանին։ Փաշինյանը տարիներ շարունակ փորձել է հանդիպել Թրամփի հետ, բայց երբեք չի հաջողվել»:
Աբրահամյանը հիշեցրել է, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ ըստ ԱՄՆ ծրագրի՝ այս միջանցքը կլինի ամերիկյան զինվորականների կամ մասնավոր ռազմական ընկերությունների վերահսկողության տակ։
Նա հավելել է, որ նման պայմանավորվածությունները չեն համապատասխանում Հայաստանի շահերին, մինչդեռ այդ ռազմավարական կարևոր մայրուղին ինքնուրույն կամ Ռուսաստանի հետ համատեղ կառավարելու դեպքում կշահեր։
«Ի՞նչ շահ ունի այսօր Հայաստանը։ Այսօր Հայաստանը պետք է միջոցներ ստանա բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ լուծելու համար։ Ինչո՞ւ չկառավարել ճանապարհն ինքնուրույն։ Դա կլիներ իրական, կարգին գումար։ Կամ Ռուսաստանի հետ համատեղ։ Բայց ոչ, անպայման պետք է հրավիրել ամերիկացիներին»,-ասել է Աբրահամյանը և ենթադրել, որ Փաշինյանը, ըստ ամենայնի, այդ քայլին դիմել է Ադրբեջանից, Թուրքիայից կամ Միացյալ Նահանգներից որոշակի անձնական երաշխիքներ ստանալուց հետո։
«Նա ամբողջովին կատարում է այն, ինչ իրեն թելադրում են Թուրքիան և Բաքուն։ Եվ նա գործում է նրանց շահերից ելնելով։ Հնարավոր է՝ նա որոշակի երաշխիքներ է ստացել ամերիկացիներից, բայց մենք գիտենք, թե իրականում նրանք ինչպես են կատարում իրենց երաշխիքները»,-ասել է Աբրահամյանը:


