չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը կանանց կոչ է անում բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել Պարեկային ոստիկանությունում

Նիկոլ Փաշինյանը կանանց կոչ է անում բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել Պարեկային ոստիկանությունում

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ 30 միլիոն 100 հազար դրամ հատկացնել ՀՀ ոստիկանությանը:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ 289 միլիոն 900 հազար դրամ կհատկացվի Լոռու ու Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլի ձեռքբերման նպատակով, 67 միլիոն 200 հազար դրամ՝ նույն մարզերում ավտոմոբիլների կահավորման նպատակով, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ՝ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Նախագծի ընդունման դեպքում պայմանագրում կատարվելու է տրանսպորտային միջոցների մատակարարման վերջնաժամկետի փոփոխություն. 2022 թվականի մարտի 1-ի փոխարեն սահմանել համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 20 օր հետո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ապրիլից Պարեկային ոստիկանության ծառայությունը կգործարկվի Շիրակի ու Լոռու մարզերում:

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է ու պետք է արձանագրել, որ Պարեկային ոստիկանության արդյունքները գոհացուցիչ են:

«Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, ու մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն, իհարկե, այս գործընթացն առանց թերությունների չի անցնում», - նշեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ Պարեկային ոստիկանություն կլինի նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում. հիմա ընդունելություն է. մեկ տեղի համար մի քանի հավակնորդ կա:

«Պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում ու անցնում են աշխատանքի: Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է հավակնություն ցուցաբերել: Ես ուզում եմ կոչ անել, որ կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին», - նշեց Փաշինյանը:

Նա ասաց, թե աշխատավարձը Պարեկային ոստիկանությունում բավականին ծանրակշիռ է՝ 350 հազարից սկսած:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ ասաց, թե ողջունում է, որ կանանց ներգրավվման մասին հնչում է վարչապետի կողմից:

  • Կիսվել: