շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա մեր տարածքը չի, բայց մենք շատ լուրջ մարտավարական դիրք ենք զիջում․ Լևոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա մեր տարածքը չի, բայց մենք շատ լուրջ մարտավարական դիրք ենք զիջում․ Լևոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծում եւ ուզում է, որ դիմադրություն չլինի: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում 4 տարածքներ հանձնելուն:

«Իրենց զենքը 2021-ի ընտրություններին եւ դրանից հետո պատերազմով վախեցնելն է, ասում են՝ այ, որ գա ընդդիմությունը, պատերազմ կսկսեն, կփորձեն Արցախն ազատագրել: Հիմա էլ նույն վախով ուզում են հասնել իրենց ուզածին, կամ Ադրբեջանի ուզածին: Շատ դեպքերում դրանք համընկնում են:

Իրենք ասում են՝ ո՞վ է ասել, որ այդ 4 գյուղերը մեր տարածքներն են, դրանք մերը չեն: Իսկ երբ հարցնում ենք՝ իսկ մյուս տեղերից, որտեղ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքում է, դո՞ւրս է գալու, ոչ մի հստակ պատասխան չի հնչում:

Հարց է ծագում՝ ինչի՞ շուրջ է եղել դելիմիտացիան, որ դա չարած այս 4 տարածքներն ուզում են տալ: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա մեր տարածքը չի, բայց մենք շատ լուրջ մարտավարական դիրք ենք զիջում: Տավուշում մեր պաշտպանական գիծը բավական լավ կահավորված է, այնտեղ փոփոխություններ չեն եղել, եւ մենք մեր ուժեղ դիրքը տալիս ենք ի՞նչ ակնկալիքով, հավատալով ո՞ր Ադրբեջանին:

Եթե մենք տալիս ենք այդ մասը, թուլացնում ենք, փաստորեն, շփման գիծը, մարտավարական դիրքը, հետո հերթը հասնում է Սյունիքի սահմանազատմանը եւ Ադրբեջանը ինչպես հայտարարում է, ուժով բացում է միջանցքը, ու Տավուշից էլ ճեղքում են ու փակում են Վրաստանի հետ սահմանը: Ի՞նչ ենք անելու»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց, որ իշխանությունները պատերազմ հասկացությունն անմիջապես ասոցացնում են պարտության հետ. «Իսկ ինչո՞ւ մենք այս 2-3 տարում այնպես չենք արել, որ պատերազմ հասկացությունից վախենա նաեւ Ադրբեջանը: Ինչու պետք է պատերազմից վախենան միայն ՀՀ քաղաքացիները»:

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ արցախցիների հետ վերադարձի իրավունքը պետք է լինի օրակարգում, բայց Հայաստանի իշխանությունների օրակարգում նման հարց չկա, իրենք այդ հարցը դրսում չեն բարձրացնում, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում եւս այդ հարցը չկա:

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր արցախցիների վերադարձը, երբ Արցախն Ադրբեջանի տարածքում է հայտնվել, Քոչարյանը պատասխանեց. «Դժվար է, իհարկե, բայց հնարավոր է: Ամենակարեւորը անվտանգությունն է, մարդիկ պետք է իրենց անվտանգ զգան, եւ միջանկյալ կարգավիճակի հարց պետք է լուծվի, եւ այդ միջանկյալ կարգավիճակ ունեցող տարածքում իշխանությունը չպետք է լինի ադրբեջանական: Սա է նշված Եվրախորհրդարանի բանաձեւ 14-րդ կետում: Այս դեպքում դա հնարավոր է: Այս ուղղությամբ աշխատանքները չպետք է դադարեն»:

Աշխարհի բոլոր խաղացողներն ունեն նույն մոտեցումը, որ արցախցիները պետք է վերադառնան, երեւի թե բացի ՀՀ իշխանություններից:

  • Կիսվել: