երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ գաղտնագրում է.«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ գաղտնագրում է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենաբաց ու թափանցիկ» իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած կառավարության նիստերի օրակարգի հարցերի մեծ մասը, ինչպես հայտնի է, դարձրել է չզեկուցվող կամ գաղտնի։ Պարզ ասած՝ նա հարկ չի համարում հանրության աչքի առաջ քննարկման առարկա դարձնել բազում հարցեր, այն պարագայում, երբ իշխանության գալու շրջանում հայտարարում էր, թե ոչինչ գաղտնի չի մնա, իսկ ավելի ուշ ասում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, եւ նրանք կարող են կառավարության դուռը ոտքով բացել։ Մինչդեռ վերջին շրջանում ամեն ինչ գաղտնագրել են՝ նիստերի օրակարգն անգամ չեն տեղադրում գործադիրի կայքում, ինչպես արվում էր միշտ, անգամ նախկինների ժամանակ։

Կառավարության՝ ամեն հինգշաբթի նախատեսված նիստերից մի քանի օր առաջ, ամենաուշը երեքշաբթի օրը, կայքում հայտնվում էր առաջիկա նիստում քննարկվելիք օրակարգը։ Երեկ աշխատանքային օրվա ավարտին անգամ կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգը չէր տեղադրվել։ Այս առումով առավել եւս զավեշտական է, երբ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։

  • Կիսվել: