երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ Աղազարյան

Նիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ Աղազարյան

Դատարանում վերարտադրված խոսակցությունների մի մասը առնչություն ունեն քրեական գործի հետ, այնտեղ պարզ լսվում է, որ այն դրվագում, որ գլխավոր դատախազը եկել էր Ազգային ժողով անձեռնմխելի զրկելու միջնորդությամբ, որտեղ ասում է, որ Արամ Մկրտչյանը կաշառք է տվել ինձ, պարզ հստակ զգացվում է, որ Արամ Մկրտչյանը ինձ պարտք է տվել, և ինքն էլ ասում է՝ պարտքով փող եմ տվել, պարտքս տուր։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Բայց ես իր պարտքով փողը վերադարձրել եմ։ Ընդ որում, հերիք չի, որ վերադարձել եմ, ես պատրաստակամ էի իր խնդիրները լուծելու նաև ուրիշ մարդկանց հետ, որ իբրև թե խնդիր ուներ։

Ես ասում եմ՝ Արամ ջան, դու ստում ես, որովհետև հնարավոր չի դու ինչ-որ մեկին 50 000 դոլար պարտք լինես, դու այդ 50 000-ից 42 000 դոլարը վերադարձնես և 8000 դոլարի համար, որ ես իրեն պարտք եմ, չսպասեն։ Նաև մի երկու քաղցր խոսք եմ ասում։ Ասում եմ՝ գամ, ես այդ տղաներին խնդրեմ, թող սպասեն։ Պարզ է, որ ստում է։ Ինքը վերջին զոհից 2023 թվականի դեկտեմբերին է 50 հազար փող վերցրել, և 2024 թվականի փետրվարին լքել է Հայաստանը»,–ասաց Աղազարյանը։

Դիտարկմանը, որ ամեն ինչ սկսվեց ԱԺ–ում իր և այն ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ սկանդալային վեճից հետո, արդյոք դրանից հետո իրենց միջև հանդիպում եղել, արդյոք «ռազբորկաներ» եղե՞լ են, Աղազարյանը պատասխանեց. «Ոչ, ես իմ վերջին խոսքը ասել եմ, որ եթե ինքը անուններ կտա... հիշում եք՝ ինքն  ինչ հայտարարություն արեց, որ իմ անունից միջնորդել են իրեն՝ իմ տղայի բիզնեսի հետ կապված։ Ես ասեցի՝ եթե անուններ կտա և կապացուցի, իսկ եթե չէ, ուրեմն ստոր սրիկա է։ Այդ խոսքերը մնում են ուժի մեջ»։

Նա նշեց, որ այս պահին իր նկատմամբ որևէ ճնշում չկա. «Այն ժամանակ էր, որ վարչապետի հայտնի SMS հաղորդագրությունից հետո, և երբ դա հանրայնացվեց, ԱԱԾ-ի պետի հետ չորս հանդիպում է եղել և ինքը փորձում էր ինձ համոզել, որ ես մանդատս վայր դնեմ»։

Հարցին՝ ինչպես կվերաբերվի նրան, որ Արգիշտի Քյարամյանը կրկին բարձր պաշտոնում նշանակվի՝ հաշվի առնելով, որ այդ մասին խոսակցություններ կան, ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Սա մեր հայրենիքն է, սա մեր պետությունն է, ես սիրում եմ մեր հայրենիքը, սիրում եմ մեր պետությունը, սիրում եմ մեր բոլոր պաշտոնյաներին, սիրել եմ Ռոբերտ Քոչարյանին, որին երբեք չեմ համարում ՀՀ նախագահ, սիրել եմ Սերժ Սարգսյանին ու երբեք չեմ համարել ՀՀ նախագահ։ Եթե այդ հանգամանքների բերումով ես կնստեմ իմ հայրենիքի բանտում, ես դա էլ հաճույքով կանեմ։

Նիկոլ Փաշինյանին էլ սիրել եմ, բայց հիմա այդքան չէ, առաջ հա։ Նիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում»։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը հետաձգվեց փետրվարի 6-ին 12։00-ին։

  • Կիսվել: