հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Նիկոլ Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ․ Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ․ Նազելի Բաղդասարյան

Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրել  է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը InfoPort.am-ին փոխանցեց, որ Փաշինյանի օրակարգում նման հարց չկա։

«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝  Հայաստանը հայտ էր ներկայացրել՝ նստաշրջանը հյուրընկալելու համար, սակայն 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության աշխատակազմը հայտարարեց, որ հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։

«Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածության»,- հայտարարել էր Փաշինյանի աշխատակազմը:

 

  • Կիսվել: