երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նախորդ իշխանության օրոք գնած զենքերով մենք պարտություն կրեցինք․ Սերգեյ Բագրատյան․ «Հրապարակ»

Նախորդ իշխանության օրոք գնած զենքերով մենք պարտություն կրեցինք․ Սերգեյ Բագրատյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատերազմի, պարտության, զոհերի ու վիրավորների թիվ մեկ մեղավոր եւ պատասխանատու Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հաղորդեց նախնական 49 զոհի մասին, զոհվածների ծնողներին կոչ արեց ողբալու փոխարեն հպարտանալ, ապա ժպիտը դեմքին հայտարարեց Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսի մասին եւ ներկայացրեց, թե մեր տնտեսական վերելքը կանխելու համար է Ադրբեջանը հարձակվել մեզ վրա։ Էլի ինչ-որ բաներ ասաց, որոնք լսողները կա՛մ չհասկացան, կա՛մ լսելով նյարդայնացան, քանի որ պարզ չէր, թե այսուհետ ինչ է լինելու, որն է լուծումը եւ այլն։ Ելույթից հետո, որին, ի դեպ, ներկա չէր ընդդիմությունը, մի քանի ՔՊ-ական հերթագրվեցին, որ հարցեր ուղղեն «մեծարգո վարչապետին»։ Նրանցից մեկը նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էր, ով հետաքրքրվեց, թե ինչն է խանգարում մեզ՝ բանակի արդիականացման գնալու եւ նոր զինատեսակներ ձեռք բերելու, բայց ոչ թե հարձակողական, այլ՝ պաշտպանողական:

Նիստից հետո նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու է խոսում միայն պաշտպանողական զենքերից, ինչու չի ցանկանում, որ Հայաստանը նաեւ հարձակողական զենք ձեռք բերի։

«Մենք պետություն ենք, որ խնդիր ունենք մեր սուվերեն տարածքը պաշտպանելու»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։

- Իսկ երբ թշնամին հարձակվում է մեզ վրա, մենք չունե՞նք հակահարձակման անցնելու խնդիր։

- Երբ որ մենք հզոր պաշտպանական մեխանիզմ ենք ունենում եւ դրա մասին նաեւ հայտարարում ենք, բոլոր թշնամի երկրները մեր պոտենցիալը գնահատում են, եւ այլեւս հարձակվելու իմաստը չի լինում, որովհետեւ գիտեն՝ եթե հարձակվեն, մեծ կորուստներ են ունենալու։

- Մեր պաշտպանությա՞մբ են մեծ կորուստներ ունենալու, թե՞ հակահարձակմամբ։

- Չէ, եթե մենք հակաօդային հզոր պաշտպանություն ունենանք, ամենագերժամանակակից տեխնոլոգիաներով զինված ինքնապաշտպանական բանակ ունենանք, որեւէ մեկը չի համարձակվի հարձակվելու՝ հաշվի առնելով, որ շատ մեծ կորուստներ է ունենալու։

- Իսկ ինչո՞ւ չունենք։

- Ես կարծում եմ, որ․․․ Ես ինչի՞ համար ասացի, որ ողջունում եմ վարչապետի կոնցեպտը՝ արդիականացնելու բանակը։

- Հետեւաբար, ինչո՞ւ չենք արդիականացնում։

- Դե, դրա համար ասում եմ՝ ամեն օր պետք է էդ քայլն անենք։

- Մինչ մենք խոսում ենք, որ պետք է անենք, ու չենք անում, թշնամին ամեն անգամ հարձակվում է մեզ վրա, ու մենք լուրջ կորուստներ ենք կրում։

- Համաձայն եմ։ Տեսա՞ք՝ իմ հարցի երկրորդը բաժինն ինչ էր նշանակում, որ ի՞նչն է խանգարում արագ անելու համար։ Ես նաեւ ակնարկեցի, որ գուցե ինչ-որ պայմանագրե՞ր կան, որոնք մեզ խանգարում են երրորդ երկրներից հզոր զենքեր գնելու՝ ինքնապաշտպանական, Դուք հասկանում եք՝ ինչ կոնտեքստում եմ նշում։ Եվ վարչապետը նշեց, որ, այո, թեկուզ էդ արգելքը չկա, բայց էդ արգելքի հետեւանքը կա, այսինքն՝ օրինակ, եթե մենք մեր հարեւան որեւէ երկրից զենք պետք է գնենք, մենք գիտենք միջազգային հանրության որոշակի ուժային կենտրոնների վերաբերմունքը տվյալ երկրին, եւ որը կփոխանցվի նաեւ մեզ․ պատկերացրիք՝ ինչ եմ ասում։ Այսինքն՝ մենք, ի վերջո, անվտանգության խնդիր լուծելով՝ գուցե ավելի մեծ անվտանգային խնդիր ենք առաջացնելու։

- Այսինքն՝ մենք անընդհատ այսպես վախվորած չուզենանք զինվել, «խաղաղության պայմանագրի» գնանք ու ամեն օր զո՞հ տանք։

- Չէ, ես նշեցի, որ համարձակ քայլ պետք է անել, այսինքն՝ պետք է գնալ դրան եւ հիմնավորելով ինքնապաշտպանական կոնցեպտը։ Այսինքն՝ եթե հարձակման դեպքում քեզ կարող են ասել, որ մենք քեզ զինում ենք, որ հարձակվես ուրիշ երկրի վրա, ինքնապաշտպանության բնական իրավունքի, ապրելու իրավունքի վրա ճնշումը բոլոր երկրների կողմից պետք է ընդունելի լինի։

- Բայց բոլոր երկրները, կոպիտ ասած, թքած ունեն մեր երկրի վրա։ Մենք տեսանք, որ մենակ ենք պատերազմի ժամանակ՝ ի տարբերություն Ուկրաինայի, հիմա մտածենք, թե Մալայզիան, Վիետնամը կամ եվրոպական երկրներն ինչ են մտածում մեր մասին, եւ չզինվենք ու մեր հարեւանների հետ զենքի պայմանագրեր չկնքե՞նք։

- Պարտադիր պետք է կնքենք, բայց դուք լավ գիտեք, որ մեր ռազմավարական դաշնակիցը հաճախ հղում է անում, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի պայմաններ պետք է պահպանեն երրորդ երկրների չդիմելու։ Մյուս կողմից՝ դուք լավ գիտեք, որ մյուս ուժային կենտրոնը՝ ԱՄՆ-ն եւս այստեղ ունի, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներ, որոնցից նույնպես ոչ թե իրենք ասում են, որ եթե գնես՝ ոչինչ, այլ իրենք ասում են՝ մենք միանգամից պատժամիջոց կկիրառենք։

- Իսկ այսքան ժամանակ ինչպե՞ս էինք զենք գնում՝ նախորդ իշխանության օրոք։

- Նախորդ իշխանության օրոք գնած զենքերով մենք պարտություն կրեցինք։ Մեզ պետք են նոր որակի զենքեր, որ պարտություն չկրենք։

- Միայն զե՞նքն էր պատճառը։ Մենք չենք կռվել, ոմանք դավաճանել են, իշխանությունը չի ցանկացել կռվել, իշխանությունը հանձնել է Շուշին, Հադրութը, այսինքն՝  իշխանությունը չի ցանկացել կռվել այդ զենքով։

- Ո՞ր իշխանությունը։ Իսկ գուցե նախո՞րդ իշխանությունը չի ցանկացել։

- Բայց նախորդ իշխանությունը չէր պատերազմի պատասխանատուն։

- Բայց նախորդ իշխանության օրոք բանակում որեւէ փոփոխություն չէր եղել, չէ՞։ Նշանակում է՝ նախորդ իշխանության կադրերն էին բանակում, չէ՞։

- Ոչ, այս իշխանությունը բերեց այնպիսի կադրեր, որոնք փախան մարտի դաշտից։

- Այդպիսի հրամանատարներ չի բերել, վերցրեք՝ պաշտպանության նախարարության կազմը նայեք, տեսեք՝ 2018 թվականին, տեսեք՝ 2020 թվականին եւ կտեսնեք, որ փոփոխությունը 0.00001 տոկոս էր։ Այսինքն՝ հինգ կամ վեց հոգի թող փոխած լիներ։ Այսինքն՝ ամբողջ սպառազինությունը, բանակը, կորպուսի հրամանատարները՝ բոլորը եղել են այն մարդիկ, ովքեր եղել են նախկինների օրոք։

- Պարոն Բագրատյան, գուցե իշխանության մեջ լինելը մի փոքր կուրացնում է մարդուն՝ տեսնելու օբյեկտիվ իրականությունը։

- Չէ, ընդդիմության մեջ լինելն է Ձեզ կուրացնում։

- Ես ընդդիմություն չեմ, ես լրագրող եմ։

- Հետո՞ ինչ։ Որ լրագրող եք, նշանակում է՝ ընդդիմությո՞ւն չեք։

- Ես միշտ եմ ընդդիմություն` իմ հայացքներով։ Բայց դա չէ էականը։ Հիմա անընդհատ ձեր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը խոսում են «խաղաղության դարաշրջանից», եւ ամեն անգամ այդ մասին բարձրաձայնելուց թշնամին նոր հարձակում է գործում մեզ վրա։

- Օրինակ, եթե խոսենք պատերազմական հռետորաբանությամբ, էդ նույնը չի՞ լինելու։

- Չէ, կարելի է ռեալ իրականությունից խոսել։ Սա՞ է «խաղաղության դարաշրջանը», որի մասին խոսում եք։

- «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը ո՛չ Նիկոլ Փաշինյանինն է, ո՛չ Ձերն է, ո՛չ էլ նախորդ իշխանությանն է։ Դա միջազգային կոնցեպտ է։ Եվ աշխարհն ասում է, որ մենք պիտի գնանք խաղաղության դարաշրջանի ամբողջ մարդկության համար, եւ ամեն տարածաշրջան դա պետք է նախապատրաստի նաեւ իր հարեւանների հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: