Նախատեսվում է ստեղծել տեղեկատվական ռեսուրս՝ ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային օբյեկտների և դրանց երթուղիների վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձևավորվել են գործիքներ՝ համատեղ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համար։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Բախիթ Սուլթանովը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, այդ հարցը վերապահված է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասությանը։
Նախարարի խոսքով՝ արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց իրագործման ժամանակ անդամ պետությունների կողմից ֆինանսական օժանդակության տրամադրման կարգը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ:
«Բացի այդ, Հանձնաժողովը ակտիվորեն ներգրավում է բիզնեսը ԵԱՏՄ իրավունքի ձևավորման և կատարելագործման գործընթացում։ Այս տարվա ապրիլին լրացել է ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) գործընթացի ներդրման 10 տարին։ ԿԱԳ-ն ապացուցել է իր արդյունավետությունը, և բիզնեսը ակտիվորեն մասնակցում է դրան։ 10 տարվա ընթացքում բիզնեսի առաջարկությունների ավելի քան վաթսուն տոկոսը հաշվի է առնվել Հանձնաժողովի որոշումների նախագծերում»,- ասել է Սուլթանովը և ավելացրել, որ 2024 թվականին ներդրվել են ևս երկու կարևոր գործիք։
Այսպես, ԿԱԳ գործընթացը այժմ տարածվում է ոչ միայն Հանձնաժողովի ակտերի նախագծերի, այլև ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի վրա։ Բացի այդ, ներդրվել է ԵՏՀ ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման (ՓԱԳ) գործընթացը։
«Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կօգնի ավելի արդյունավետ բացահայտել կարգավորման որակի բարձրացման ներուժը՝ հիմնված բիզնեսի հետ հաստատված հետադարձ կապի վրա՝ որպես ԵԱՏՄ իրավունքի կիրառման պրակտիկայից տեղեկատվության գլխավոր աղբյուրներից մեկը։ Որպես ոլորտային ուղղություններով բիզնեսի հետ համագործակցության օրինակ՝ կարելի է նշել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տուրիզմի ոլորտում համագործակցության զարգացումը։ Այսպես, զբոսաշրջային բիզնեսի առաջարկությունների հիման վրա կազմվել են համատեղ եվրասիական զբոսաշրջային երթուղիների քարտեզներ, որոնք ներառում են տեղեկություններ ավելի քան չորս հարյուր եվրասիական զբոսաշրջային օբյեկտների և 38 երթուղիների մասին։ Սա կնպաստի տուրիստական ենթակառուցվածքի զարգացմանը և ԵԱՏՄ երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է նաև Հանձնաժողովի կայքում՝ զբոսաշրջային ասոցիացիաների կողմից օգտագործման և զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման համար»,- ասել է մեր զրուցակիցը և ընդհանրացրել, որ 2026 թվականին նախատեսվում է ստեղծել Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրս, որտեղ կհավաքվի ԵԱՏՄ երկրների համատեղ զբոսաշրջային երթուղիների և օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն։