ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախագահը ՊՆ-ից և ԱԳՆ-ից պահանջում է անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը

Նախագահը ՊՆ-ից և ԱԳՆ-ից պահանջում է անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ հայտարարություն է տարածել` պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից պահանջելով ներկայացնել ստեղծված իրավիճակը։  Նա նաև դիմել  է ՀՀ ԱԺ-ին և առաջարկել շտապ արտահերթ նիստ գումարել, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։

Հայտարարության մեջ ասվում է.

«Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք:

ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։

Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։

Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։

Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը և դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»։

  • Կիսվել: