հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նախագահ Խաչատուրյանն ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Նախագահ Խաչատուրյանն ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
 
Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Հայաստանում արդեն շուրջ երեք տասնամյակ իրականացվող ծրագրերը, որոնք նշանակալի դեր են ունեցել երկրի ժողովրդավարական գործընթացների խորացման, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սաբինե Ֆենդրիխը նշել է, որ հիմնադրամը մեծապես արժևորում է Հայաստանի հետ ձևավորված հաջող համագործակցությունը և պատրաստ է շարունակել համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և կրթության ոլորտների առաջխաղացմանը։
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է կրթական ծրագրերի շարունակական իրականացումը, երիտասարդ սերնդի շրջանում ժողովրդավարական արժեքների սերմանումը և դրանց լայն տարածումը։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ստեղծված նոր իրողություններին։ Կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, դրա հնարավոր դրական ազդեցությունը տնտեսական զարգացման, համագործակցության ընդլայնման և ժողովրդավարական գործընթացների ամրապնդման վրա։

  • Կիսվել: