շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նա դարձել է խոնարհված վարչապետ, խորտակված հրամանատար. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Նա դարձել է խոնարհված վարչապետ, խորտակված հրամանատար. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Ես պարզապես առաջարկ էի արել քաղաքացի Փաշինյանին, որպեսզի գնայինք և որպես երկու համաքաղաքացի, որոնք ժամանակին միասին պայքարել են իրավունքի, ժողովրդավարության, ազգային շահի համար, հասկանայինք, թե ուր է գնում Հայաստանը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանին օրեր արած իր հրավերի մասին:

Հովհաննիսյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ցավոք սրտի, նա մսխեց ազգային զարթոնքը, ժողովրդական հեղափոխությունը և դարձել է խոնարհված վարչապետ, խորտակված հրամանատար։ Նա, ով Եռաբլուրում տեսախցիկների ներքո ծնկի է գալիս, հրավիրեցի՝ կա՛մ այնտեղ խոկման՝ առանց տեսախցիկների, կա՛մ այստեղ հրապարակային զրույցի, որպեսզի միասին հասկանանք, թե ուր է գնում Հայաստանը...՛՛:

Նախկին ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը պետք է գնա մեծ փոփոխությունների, այսինքն՝ Հայաստանը կա՛մ գնալու է պարտադրված խաղաղության, կա՛մ պարտադրված պատերազմի, որը գուցե ինչ-որ առումով նույնն է։

՛՛Նույն ղեկավարությամբ, նույն հրամանատարությամբ, նույն վարչապետով, նույն կառավարությամբ, նույն ընդդիմությամբ, նույն պառակտված հասարակությամբ մենք չեն կարողանալու դիմակայել մեզ սպասվող թե՛ խաղաղությանը, թե՛ պատերազմին։ Եթե մենք չգնանք այդ փոփոխություններին ներքուստ՝ քաղաքական նոր մեխանիզմով, առանց վերադառնալու անցյալին, այսօր անցյալի մեծ շարունակությունն է, մենք գալու ենք մեծ անդունդին դեմ հանդիպման՛՛,-նշեց նա։

Հովհաննիսյանը հավելեց նաև, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իշխող ուժն ազգային շահին հետամուտ չեղավ, ազգային արժանապատվություն չունեցավ՝ վայր դնելու իր լիազորությունները։

Նրա համոզմամբ՝ այժմ Հայաստանը գնում է կործանման ճանապարհով։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե՝ եթե առաջարկում է փոխել կառավարությունը, ապա այդ դեպքում ինչու իրենք չեն մասնակցել 2021-ի խորհրդարանական ընտրություններին, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության հիմնադիրը պատասխանեց, որ դա ոչ թե ընտրություն էր, այլ ՛՛ընտրահանդես՛՛, որն է՛լ ավելի խորացրեց առկա ճգնաժամը։

  • Կիսվել: