շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում. Կոպիրկին

Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում. Կոպիրկին

Հայ-ռուսական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող իրողություններին հարմարվելու փուլին: Այս մասին Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է  ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա նշել է, որ ՌԴ-ն և Հայաստանը սերտ կապեր են պահպանում առաջնորդների մշտական շփումների, կառավարությունների, խորհրդարանների աշխատանքի, ինչպես նաև բազմաթիվ համատեղ համաձայնագրերի միջոցով:

«Ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան արտաքին քաղաքականության անվիճելի իրավունքը: Մենք ակնկալում ենք, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի մեր երկկողմ կապերը և ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,– ասել է նա։

Դիվանագետը հիշեցրել է նաև համատեղ պատմական անցյալը, առաջին հերթին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարած հաղթանակը։

«Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում, և դա պատրաստ է անել կառուցողական ոգով։ Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական և փոխշահավետ եղանակով այսպիսի համատեղ աշխատանքին՝ հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա»,-նշել է Կոպիրկինը:

 



Կոպիրկինը նաև հայտնել է, որ մինչև տարեվերջ Մոսկվայում ՀՀ հոգևոր մշակույթի օրեր կանցկացվեն, իսկ ՀՀ–ում` ՌԴ հոգևոր մշակույթի օրեր։

  • Կիսվել: