շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Օրակարգում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը. Պուտին

Օրակարգում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը. Պուտին

Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է խաթարել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի դաշնակիցների և գործընկերների հետ՝ բառի լայն իմաստով։ «Օգտագործվում է ցանկացած միջոց»,- նշել է նա՝ հավելելով, որ Արևմուտքի նման ակտիվության վերջին օրինակը «նրանցից հեռու, բայց մեզ շատ մոտ ռազմավարական կարևոր տարածաշրջաններում ղարաբաղյան ճգնաժամն էր, որը մենք երեկ մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»:

«Վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և էսկալացիան կանխելու համար։ Մեր օգնությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր։ Իլհամ Ալիևը կարող է հաստատել, որ այս ամբողջ ընթացքում, եռակողմ ձևաչափով, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ծանր աշխատանք են տանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները՝ իրենց ունեցած լիազորությունների շրջանակներում»,- նշել է նա։

Պուտինն ասել է, որ ներկայիս օրակարգը խաղաղության պայմանագիր պատրաստելն է՝ վերջ դնելու այս երկարատև հակամարտությանը։ «Եվ Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին։ Մասնավորապես, ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի՝ ցանկացած ձևաչափով, սկզբի համար Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ փորձագետների մակադրակով: Եվ իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»,- նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: