շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մոսկվան ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա

Մոսկվան ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա

Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մենք արդեն մեկնաբանել ենք Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշումը, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով: Հետևաբար, պետք է համապատասխանաբար վերաբերվել:

Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։

Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի՝ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են՛՛:

Զախարովայի խոսքով՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը աներկբա չէ։ ՛՛Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Վերցնենք, օրինակ, միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս՛՛,-հավելել է նա։

Բացի այդ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը մնում է տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը:

՛՛Տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակարճ ճանապարհն անցնում է դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան՛՛,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այսօր Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: