Միրզոյանը՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը DW-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։
Հարցազրուցավարը, մասնավորապես, հարցրել է. «Ձեր կառավարությունը հաճախ մեղադրվում է ուկրաինացիների, ինչպես նաև ուրիշների կողմից, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում բավականաչափ բարձր չի արտահայտում իր դիրքորոշումը։ Ես կասկածում եմ, որ Կենտրոնական Եվրոպայում, Բալթյան երկրներում և Ուկրաինայում շատերը կցանկանային լսել ռուսական ագրեսիայի ավելի հստակ դատապարտում Հայաստանի կառավարությունից։ Կլինի՞ դա։ Եվ եթե ոչ, ապա ինչո՞ւ»:
Ի պատասխան՝ Միրզոյանն ասել է. «Ձեր օգտագործած ձևակերպումը, ամենայն հարգանքով, օտարերկրյա կառավարությունների պաշտոնական հայտարարություններից մեջբերում չէ։ Ես չեմ հիշում, որ որևէ արևմտյան երկրի կառավարության ներկայացուցիչ ինձ մոտենար և ասեր. «Ինչո՞ւ եք Դուք դա ասում», կամ «Ինչո՞ւ դա չեք ասում»։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք մեր ուկրաինացի գործընկերների հետ։ Ես հենց նոր հանդիպեցի իմ ուկրաինացի գործընկերոջը Վարշավայի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում։ Մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները խորացնելու հնարավորությունները։ Նա ողջունեց Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։ Մենք քննարկեցինք Ուկրաինայում խաղաղության անհրաժեշտությունը։ Ի դեպ, մենք համեստ հումանիտար օգնություն ենք տրամադրել Ուկրաինայի երեխաներին։
Այսինքն՝ խնդիրը, որի մասին Դուք խոսում եք, հնարավոր է, գոյություն ունի մեդիայի ներկայացուցիչների և փորձագիտական շրջանակների մտքերում։ Պաշտոնյաների շրջանակներում այդ խնդիրը չկա. ո՛չ Հայաստանի և Ուկրաինայի, ո՛չ էլ Հայաստանի և Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի, ԵՄ անդամ երկրների միջև»:


