ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և խաղաղության պայմանագիր կստորագրվի

Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և խաղաղության պայմանագիր կստորագրվի

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեսնում է Ադրբեջանի հետ խաղաղության իրական հնարավորությունների պատուհան։ Այս մասին նախարարը հայտարարել է իրանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Միրզոյանն ընդգծել է, որ Երևանը բազմիցս դրսևորել է իր վճռականությունը՝ բարեխղճորեն և կառուցողականորեն մասնակցելու Ադրբեջանի հետ բանակցություններին, որոնց նպատակը հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության հաստատումն է։

«Մենք բազմիցս հայտարարել ենք մեր հավատարմությունը գործընթացին և, առհասարակ, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Միրզոյանը։ Նա նշել է, որ բանակցություններն ընթանում են մի քանի փուլով, և այժմ աշխատանքներ են տարվում հատկապես խաղաղ համաձայնագրի նախագծի վրա։

«Մի քանի օր առաջ Ադրբեջանից ստացանք հաջորդ առաջարկները, կուսումնասիրենք ու կարձագանքենք, կներկայացնենք մեր առաջարկները»,-նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով, շատերը պնդում են, որ կա գործընթացն ավարտին հասցնելու իրական հնարավորություն։ «Եվ ես, իհարկե, պետք է համաձայնեմ սրա հետ: Խաղաղության հնարավորություն իսկապես կա՝ չնայած Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դժվարություններին և տեղահանությանը, ագրեսիվ հռետորաբանությանը։ Մենք տեսնում ենք այս հնարավորությունը, և թե ինչպես է կառավարությունն իր հերթին անում ամեն ինչ գործընթացն ավարտին հասցնելու համար։

Բայց ցավոք, ոչ մի պետություն դա չի կարող միակողմանի անել։ Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումն անհրաժեշտ է: Հնարավորություն կա, բայց դա կախված է ոչ միայն Հայաստանից, և մենք հուսով ենք, որ Ադրբեջանը կառուցողականություն կցուցաբերի»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ Բաքվից գալիս են և՛ դրական ազդակներ՝ բանտարկյալների ազատ արձակում, և՛ բացասական ազդակներ՝ ագրեսիվ կոչեր և հայտարարություններ, կամ էլ հանդիպումներից խուսափելու ձգտումներ։

Այդուհանդերձ, Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և խաղաղ պայմանագիր կստորագրվի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: