ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Միրզոյանն ու Լեհաստանի ԱԳ նախարարն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում

Միրզոյանն ու Լեհաստանի ԱԳ նախարարն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում

Հուլիսի 19-ին Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Նախարարները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ անցած երեսուն տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունն ամուր հիմք է ապահովել միջպետական հարաբերությունների հետևողական զարգացման և ամրապնդման համար։

Այս համատեքստում նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների արդյուքների կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դրանց շարունակականությունն ու հաճախակիությունը լավագույնս կծառայեն երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացմանը։

Նախարարներն անդրադարձել են հայ-լեհական փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկելու առևտրի, բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, արդարադատության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության խորացման շուրջ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև արդյունավետ համագործակցության զարգացման հնարավորություններին։ Նախարար Միրզոյանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի ներառականության ամրապնդմանն ու արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ այս առումով կարևորելով Լեհաստանի դերակատարումը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկիր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: 

Արարատ Միրզոյանն գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շարունակական սադրիչ գործողությունները, ռազմատենչ և առավելապաշտական  հայտարարությունները՝ ընդգծելով, որ նմանատիպ քայլերը խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ 

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց հայրենադարձմանը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և խեղաթյուրման քաղաքականության կանխմանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ և ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի գործիքակազմում առկա մեխանիզմները կնպաստեն տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման դարաշրջան բացելու և կառուցողական երկխոսության և վստահության մթնոլորտի ամրապնդման համար:

Հանդիպման արդյուքներով Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

Նույն օրը Արարարտ Միրզոյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի  համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ստորագրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

  • Կիսվել: