երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Միրզոյանն ու Ղազախստանի իր գործընկերը փաստաթղթեր են ստորագրել՝ երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման վերաբերյալ

Միրզոյանն ու Ղազախստանի իր գործընկերը փաստաթղթեր են ստորագրել՝ երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի համապատասխան գործընկերների կողմից ստորագրվել են փաստաթղթեր քաղաքական երկխոսության ու երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, տնտեսական համագործակցության խթանման, արհեստական բանականության, ինչպես նաև այլ ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության ընդլայնման ուղղություններով:

Մասնավորապես, Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2026-2027 թվականների համար» գործողությունների ծրագիրը:

ԱԳ նախարարները ստորագրել են նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագրեր:

Հաշվի առնելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հարցում առկա մեծ շահագրգռվածությունն ու այդ ուղղությամբ մինչ այս իրականացված կարևոր քայլերը՝ նախարար Միրզոյանի կողմից ստորագրված փաստաթղթերի շարքում է նաև Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության՝ 2026-2030 թվականների համար ճանապարհային քարտեզը:

Զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներից են արհեստական բանականության և առողջապահության ուղղությունները, համապատասխանաբար ստորագրվել են նաև.

«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության թվային զարգացման նախարարության միջև արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև 2026-2027թվականների համար համագործակցության զարգացմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիր»:

Ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղազախստանի Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի միջև: Գործարար կապերի խթանման նպատակով ստորագրվել է «Հայ-ղազախական գործարար խորհրդի ստեղծման մասին» համաձայնագիրը: Տվյալ փաստաթղթերը հայկական կողմից ստորագրել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը:

  • Կիսվել: