ՄԻՊ-ը շարունակում է ակտիվ գործունեությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ
2025 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակել է իրականացնել ակտիվ և հետևողական գործունեություն՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։
Մշտադիտարկումների շրջանակներում չհայտարարված այցեր են իրականացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի և Արմավիրի, ինչպես նաև Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի նստավայրեր։
Իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման պայմանները, խցերի կահավորանքը, սանիտարահիգիենիկ վիճակը, ազատությունից զրկված անձանց սննդով ապահովման և իրավաբանական օգնության կազմակերպումը, ինչպես նաև՝ վերջիններիս իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցեր։
Չնայած դատարանների շենքերում կատարված վերանորոգումների արդյունքում արձանագրված որոշ դրական տեղաշարժերին՝ ոլորտում շարունակում են պահպանվել համակարգային խնդիրներ։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝
Մշտադիտարկման այցերի արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման վրա ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, տարիներ շարունակ արձանագրված խնդիրների մի մասը շարունակում է չստանալ համապարփակ լուծում, ինչը առանձին դեպքերում հանգեցնում է ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքների ապահովման հետ կապված խնդիրների։
Ոլորտին առնչվող օրենսդրական բացերը և հստակ ընթացակարգային մեխանիզմների անբավարարությունը շարունակում են հանգեցնել ազատությունից զրկված անձանց իրավունքների տարաբնույթ խախտումների, ինչն արձանագրվում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում։


