Միանգամից Նիկոլ Փաշինյանի անունով անվանակոչենք այդ փողոցը, ի վերջո պետք է հիշատակը հավերժացվի. ավագանու անդամ
Ուզում եմ ասել, որ մեր մշակույթի հանձնաժողովը բանավոր կերպով, կոնսենսուսային մակարդակով համաձայնության էր եկել, որ պետք է ոչ թե բերել անվանափոխություններ, այլ անվանակոչություններ, որովհետև քաղաքի Կենտրոնում գրեթե բոլորը փողոցները անվանակոչված են: Բոլորս համաձայնության էինք եկել, որ պետք է անվանափոխություն չարվի, դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնում: Պետք է տեղի բնակչության համաձայնության վերաբերյալ գոնե շատ փոքր վիճակագրական տվյալներ ներկայացվեին, թե բնակչության որքան մասն է դրան համաձայն կամ ոչ։ Այս մասին Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը՝ անդրադառնալով Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ անվանափոխելու առաջարկին:
«Հանձնաժողովում հիմնավորվեց, որ Լենինգրադ քաղաքը չկա, փոխվել է, նույնիսկ ռուսները չեն պահպանում իրենց Լենինգրադը, նախ ճիշտ չէ, բայց էական էլ չէ, այստեղ տրամաբանությունն է հետաքրքիր. ուրեմն՝ եթե վաղը Կիև քաղաքը կամ չլինի, կամ ուկրաինացիները անվանափոխություն, մենք պիտի մեր Կիևյան կամուրջը կամ Կիևյան խաչմերուկը ասենք՝ բերեք, փոխե՞նք: Կամ եթե Արցախը չկա, Արցախի Հանրապետությունը վաճառվեց թուրքին, մենք այսօր պիտի ասենք ինչու՞ ենք պահում Արցախի փողոցը: Սա տրամաբանություն չէ և հիմնավորում չէ նման հարցերի համար»,-նշել է նա:


