«Մեզ լկտիություններ, խառնակչություններ պետք չեն». Նարեկ Կարապետյանը՝ Ավանում
«Մեզ պետք չեն լկտիություններ, մեզ պետք չի խառնակչություն»։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։
Քաղաքական գործիչը սելֆի է արել վարչական շրջանի բնակիչների հետ և հայտնել, որ այսօր Ավանում զբոսնելու ժամանակ ամենուր տեսել է աջակցություն ու ոգևորություն։ «Մեզ համար մեծ պատիվ է փոփոխություններ բերելը։ Մեծ համատեղ աշխատանք կա անելու»,- հայտարարել է Կարապետյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներ քաղաքականություն են եկել որպես համեստ, ամաչկոտ տղաներ։ Հետո տարեցտարի սկսել են ավելի շատ մարդկանց ճնշել, իրենց ավելի «բրուտալ» են զգացել։ Ամաչկոտ տղաներն ի վերջո դարձել են անամոթ։ «Մեր գլխավոր ցանկությունն է, որ իշխանության գա մի մարդ, որը իրական փոփոխություններ կբերի, որպեսզի երկրում լինեն իրական համեստ, աշխատասեր մարդիկ. մեզ պետք չեն լկտիություններ, մեզ պետք չի խառնակչություն»,- ընդգծել է Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանը միշտ եղել է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, և թեև 8 տարում հանցավորությունը կրկնապատկվել է, նույնիսկ այդպես այն մնում է ամենաանվտանգ երկրներից մեկը։
Կարապետյանը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Եվրոպան կարող է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ «Եվրոպայի կենտրոնում չկարողացան սպային պաշտպանել Սաֆարովի հարձակումից, ինչպե՞ս են Կովկասում պաշտպանելու ադրբեջանցիների ագրեսիայից։ Գիտենք՝ ինչպես են պաշտպանելու. կգան, կլուսանկարվեն, ցավակցություն կհայտնեն, կգնան։ Մեր խնդիրները լուծում ենք ինքներս»,- հայտարարել է Կարապետյանը՝ հավելելով, որ հունիսի 7-ին կարվի առաջին քայլը։ «Գնացե՛ք ընտրությունների, որպեսզի այս իշխանությունները հեռանան»,- ընտրողներին կոչ է արել Կարապետյանը։


