հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի հայ համայնքը դիմել է ԵԱՀԿ ՄԽ-ին՝ կոչ անելով ակտիվացնել իրենց դերակատարումը Ադրբեջանում հայ գերիներին ազատ արձակելու հարցում

Մեծ Բրիտանիայի հայ համայնքը դիմել է ԵԱՀԿ ՄԽ-ին՝ կոչ անելով ակտիվացնել իրենց դերակատարումը Ադրբեջանում հայ գերիներին ազատ արձակելու հարցում

Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և պահվող անձանց ազատ արձակելու գործընթացում:

Նամակն ուղղված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտիին:

Նշենք, որ նամակում մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Սուրբ Զատկի ուղերձում հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի մասին հիշատակումը:

Ինչպես նշում են նամակի հեղինակները՝ Արցախում հրադադարի հաստատումից հինգ ամիս անց Ադրբեջանում դեռևս պահվում է շուրջ 230 հայ ռազմագերի և քաղաքացիական անձ:

Նամակում ասվում է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը հավատարիմ է մնացել եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ոտնահարում են միջազգային նորմերը՝ ՄԻԵԴ-ից և միջազգային այլ մարմիններից թաքցնելով հայ ռազմագերիների ստույգ թիվը:

Դրանից բացի՝ Ադրբեջանը շարունակ խոչընդոտում է ԿԽՄԿ-ի՝ ռազմագերիներին այցելությունը և նրանց առողջության և գտնվելու վայրի պայմանների մասին համապարփակ տեղեկություններ չի տրամադրում նրանց ընտանիքներին:

Նամակի հեղինակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրում են անհապաղ միջամտել շարունակվող հումանիտար ճգնաժամին, որը լուրջ վնաս է հասցնում ոչ միայն հայ ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, այլև՝ ամբողջ հայ ժողովրդին: Ադրբեջանի իշխանությունը Իլհամ Ալիևի գլխավորությամբ աղավաղում է ողբերգական իրականությունը և ապատեղեկատվություն տարածում ամբողջ աշխարհում:

Նշվում է, որ, խոչընդոտելով հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձին, Ալիևի ռեժիմը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային նորմերն ու Ժնևյան կոնվենցիան:

Այս ամենից բացի՝ նամակում խոսվում է նաև  գերության մեջ գտնվող հայերի նկատմամբ իրականացվող բարբարոսական վերաբերմունքի, ֆիզիկական ու հոգեկան բռնությունների մասին: Այդ վկայությունները ներկայացրել են անկախ մամուլն ու միջազգային շատ կազմակերպություններ:

Նամակով ևս մեկ անգամ կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն այս գործընթացում մանդատ ունեցող միակ կառույցն է, դիվանագիտական իր ջանքերը գործադրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար:

 

  • Կիսվել: