երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մեր նպատակը մնում է նույնը՝ այս իշխանության հեռացումը. Բագրատ Սրբազան

Մեր նպատակը մնում է նույնը՝ այս իշխանության հեռացումը. Բագրատ Սրբազան

Սոթքի ամբողջ լեռնաշղթան դարձել է սահման, որտեղից թշնամին ամբողջությամբ վերահսկում է մեր բնակիչների կյանքը։ Դարձել ենք ափի մեջ ապրող մի ժողովուրդ։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե այս մարդկանց չկասեցնենք, չուղարկենք իրենց սիրած տեղերը, Տավուշի ողբերգությունն ամբողջ Հայաստանով շարունակվելու է: Ես արդեն տարակույս չունեմ, որ այս մարդիկ Խոջալուի համար ներողություն կխնդրեն։ Մենք շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այս չարիքից՛՛։

Ըստ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ մեր երկրում իր խոսքերի համար անպատասխանատու մարդ չպետք է լինի։

՛՛Քաոսն այն պատճառով է եղել, երբ անպատասխանատու կերպով շպրտել են ամեն ինչ մարդկանց վրա ու ստացել են երեսուն արծաթ ու խաբեություն։ Երեսուն արծաթով վաճառված, արյան ագարակ ցանկացող տարբեր մարդիկ կան տարբեր աստիճանների վրա։ Այդ երեսուն արծաթն իրենց վրա շատ թանկ է նստելու, ամբողջ կյանքում աղվեսադրոշմի պես ճակատներին դաջված են ման գալու, եթե զղջում ու դարձ չունեցան՛՛,-նշեց նա։

Բացի այդ՝ Բագրատ Սրբազանը նաև ասաց, որ հունիսի 9-ին կներկայացնեն Շարժման ամբողջ նպատակը, քայլերը: Նա շեշտեց՝  նպատակը մնում է նույնը՝ այս իշխանության հեռացումը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ անցումային կառավարության կազմը դեռ չեն ներկայացնի, քանի որ այն դեռ կազմավորվում է:

՛՛Նախորդ օրը ներկայացրեցի, թե ինչ է տեղի ունենում, մարդիկ շեղվում են և սկսում են կազմի անդամներին քննադատել։ Մեր ծրագիրը նույնն է մնում՝ այս իշխանության հեռացումը՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: