երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեր կուսակցությունը նվիրատվություններ իրականացնում էր համակիրների շրջանում, հիմնականում՝ թաքուն. Փաշինյան

Մեր կուսակցությունը նվիրատվություններ իրականացնում էր համակիրների շրջանում, հիմնականում՝ թաքուն. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, քանի որ այդպիսի գործելակերպը հակասում է «Քաղաքացիական պայմանագրի» էությանը և արժեքային համակարգին։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հրապարակումներին այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրը» փողով և վարչական ռեսուրսի չարաշահմամբ է մարդկանց ներգրավում։

«Դրա համար Հայաստանում կա Քրեական օրենսգիր, և յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության։ Ես՝ որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել՝ մենք ոչ միայն չենք կարող նման գործելակերպ ունենալ, այլև ցանկացած նման դեպք, որը կհիմնավորվի որպես այդպիսին, կունենա օրենքով սահմանված գնահատական և արձագանք։ Եթե, իհարկե, չպարզվի, որ խոքսը օրինական գործունեության մասին է, երբ, օրինակ, երբ խոսքը գովազդային ընկերությունների հետ պայմանագրային հիմունքներով որոշակի աջակցություն ստանալու մասին է, դա բոլորովին այլ իրավիճակ է»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե իշխանության գալուց հետո կուսակցության դրամահավաքներին նվիրատվությունների չափի կտրուկ աճը շատերը հին բարքերի վերադարձ են անվանում, Փաշինյանն ասաց․ «Հին բարքերի վերադարձ կլինի այն ժամանակ, եթե որևէ մեկը ասի, որ որևէ գործարարի՝ ընդդիմադիր քաղաքական գործչի կամ կուսակցության օգտին նվիրատվություն անելիս, խնդիրներ են առաջանում։ Հին ժամանակների բարքերի առանձնահատկությունն այն էր, որ որևէ գործարար չէր կարող ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին նվիրատվություն անել, քանի որ դրա մասին հայտնի դառնալը կարող էր նշանակել ընդհուպ գործունեության ավարտ»։

Հարցին, թե այդ դեպքում ինչպես էր իր ղեկավարած ուժը նախկինում դրամահավաքներ իրականացնում, Փաշինյանն ասաց․ «Մեր կուսակցությունը նվիրատվություններ իրականացնում էր համակիրների շրջանում, հիմնականում՝ թաքուն։ Հեղափոխության շրջանում նաև թափանցիկ նվիրատություններ ենք արել, համացանցով դիմել ենք մարդկանց, և նրանք մեզ օգնություն են ցուցաբերել, հիմնականում՝ Հայաստանում չգտնվող մեր հայրենակիցները»։

«Խնդիրն այն չէ՝ իշխող ուժին նվիրատվություն անում են թե չէ, այլ ընդդիմադիրներին անո՞ւմ են, թե՞ չէ, կամ ընդդիմադիրներին նվիրատվություններ անելու պատճառով որևէ մեկը խնդիր ունենո՞ւմ է, թե՞ ոչ։ Այսօր մարդիկ, այդ թվում՝ գործարարներ, ազատ մասնակցում են քաղաքական գործընթացների՝ որպես թեկնածուներ կամ թեկնածուների աջակիցներ։

Բացի այդ, եթե հին բարքերը վերադարձել են, ինչո՞ւ պետք է իշխող ուժը դրամի կարիք ունենա, որ դրամահավաք անի։ Հին բարքերի շրջանում երբևէ լսե՞լ եք, որ իշխող ուժը դրամահավաք անի, նման բան չի եղել»,-նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: