շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելուն. ՊԵԿ նախագահ

Մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելուն. ՊԵԿ նախագահ

Կախված տնտեսական սցենարից՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը չի բացառում 2025–ի բյուջեի մասին օրենքում նախանշված ցուցանիշների վերանայումը: Այս մասին նա ասաց այսօր 2024–ի արդյունքներն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով 2024–ի բյուջեի մասին օրենքով նախապես պլանավորված եկամուտների ցուցանիշին և արդեն փաստացի արձանագրված ավելի ցածր ցուցանիշին:

Հակոբյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն իր ջանքերն ուղղելու է պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նաև ստվերի դեմ պայքար: 

Նա նշեց, որ Հայաստանում նախորդ տարի հավաքվել են 2 տրլն 390.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 117 մլրդ դրամով:

«Երբ 2024 թվականին բյուջեն ձևավորվում էր, կանխատեսումը 2 տրլն 614 մլրդ էր, բայց Ֆինանսների նախարարությունը շատ թափանցիկ ձևով նշել է նաև ռիսկերի մասին: Պարզ է, որ գործում ենք մի անորոշ միջավայրում, որտեղ սցենարները բազմաթիվ են: Հետևաբար, կախված տնտեսական սցենարից տարբեր է լինում նաև հարկահավաքման մակարդակը: Տնտեսական աճը, գնաճը, փոխարժեքը, ներմուծումը, առանցքային մակրոտնտեսական ցուցանիշները ճշգրտվել են»,-ասաց Հակոբյանը:

Նա նաև հավելեց, որ Ֆինանսների նախարարությունը, կառավարությունը թափանցիկ են եղել այս ամենի վերաբերյալ հասարակությանը կոմունիկացնելու հարցում: ՊԵԿ նախագահը նշեց, որ տարվա ընթացքում 2 անգամ կանխատեսումների թարմացումներ են լինում:

2024 թվականի եկամուտների համար վերջին կանխատեսումը, ըստ Հակոբյանի, 2 տրլն 455 մլրդ է եղել: Դա նշանակում է, որ փաստացի հավաքագրված եկամուտների նկատմամբ տարբերությունը մոտ 60–65 մլրդ է:

«Տարվա ընթացքում կառավարությունը հստակ կոմունիկացրել է հայրենակիցներին, որ տնտեսական իրավիճակը փոխվում է, և հետևաբար պետք է համապատասխան փոփոխություններ արվեն»,–պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

Ցածր կանխատեսումների համատեքստում նա նշեց, որ այս տարվա հետ կապված որոշակի դեպի ներքև ռիսկեր կան. «Մենք, իհարկե, հարկահավաքումը 2025-ին համարում ենք իրատեսական: Բայց պետք է փորձենք օբյեկտիվորեն բացատրել, թե ինչ է փոխվում տարվա ընթացքում, և ինչն  է ազդում հարկահավաքման վրա, որ հասարակությանը պարզ լինի՝ որքանն է հնարավոր, որքանը՝ ոչ»:

Բացի դրանի՝ Հակոբյանը հիշեցրեց, որ 2025–ի բյուջեի մասին օրենքում ևս նկարագրված են ռիսկեր, որ եթե տնտեսական սցենարը լինի դեպի ներքև ուղղությամբ, հնարավոր են որոշակի ճշգրտումներ՝ դեպի ներքև ուղղությամբ:

«Բայց մենք մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ: Դա նշանակում է տնտեսության տված զարգացումների պայմաններում օպտիմալ հարկերի հավաքում, որը ենթադրում է ստվերի դեմ կոշտ պայքար»,–ասաց նա:

  • Կիսվել: