հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մեր իրականության մեջ ամեն ինչ հետևյալ դիտանկյունից է՝ Ադրբեջանն այս ասաց, մյուսն այն ասաց, բայց կարևոր է, թե մենք ինչ ենք ասում. Փաշինյան

Մեր իրականության մեջ ամեն ինչ հետևյալ դիտանկյունից է՝ Ադրբեջանն այս ասաց, մյուսն այն ասաց, բայց կարևոր է, թե մենք ինչ ենք ասում. Փաշինյան

Այսօր Ստրասբուրգում հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետզրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինքն արդյոք միակողմանի՞ չէ խոսում խաղաղության մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնը որոշակի հարցեր պարզելու համար է օգտագործում:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. ՛՛ՄԱԿ-ի ամբիոնը հենց դրա համար է, որ որոշակի հարցեր ոչ թե պարզվեն, այլ պարզաբանվեն: ՄԱԿ-ի ամբիոնը հենց դիրքորոշումները ձևակերպելու, դիրքորոշումները հնարավորինս մոտեցնելու համար է: Դա նաև իմ մոտեցումն ու ընկալումն է՛՛: 

Նա հիշեցրեց, որ հաճախ է կրկնում, թե այն բոլոր ընկալումները, որ այսօր Հայաստանում կան, որոնց վրա հիմնվելով՝ քննադատության են արժանանում այդ թվում իր գործողությունները, ինքն էլ այդ ընկալումների կրողն է եղել, այդ ընկալումներից ոչ մեկն իր համար օտար և իրեն անծանոթ չէ:

՛՛Մեր իրականության մեջ ամեն ինչ հետևյալ դիտանկյունից է ներկայացվում. Ադրբեջանն այս ասաց, մյուսն այն ասաց, երրորդը այն ասաց, չորրորդն այն ասաց, հինգերորդը այն ասաց, ու միշտ գործնականում տեսադաշտից դուրս է թողնվում, թե մենք ինչ ենք ասում:

Իսկ մենք ի՞նչ ենք ասում: Մենք երկար տարիներ խոսել ենք Հայաստանի սուբյեկտայնացման մասին, որ Հայաստանը ոչ թե միջազգային հարաբերությունների սուբյեկտ է, այլ միջազգային հարաբերությունների օբյեկտ: Դա ինչի՞ց է եղել, որ մեզ երբեք չի հետաքրքրել, թե մենք ինչ ենք ասում: Մեզ հետաքրքրել է, թե ուրիշներն ինչ են ասում: Հիմա ո՞րն է փոփոխությունը: Մեզ համար ամենակարևորն այն է, թե մենք ինչ ենք ասում, մեզ համար ամենակարևորն այն է, թե մենք ինչ դիրքորոշում ունենք և թե մենք մեր դիրքորոշումները ինչքանով ենք համապատասխանեցնում միջազգային երթևեկությանը և երթևեկության կանոններին՛՛,-նշեց վարչապետը:

Նա հիշեցրեց նաև իր՝ օգոստոսի 8-ին հաջորդած ելույթը, որում նշել է, որ խաղաղությունը երեխա է, ապա հավելեց, որ այդ երեխան էլ է հիվանդանալու, մրսելու է, գրիպ է ընկնելու: Լրագրողի դիտարկմանը, թե կան նաև անբուժելի հիվանդություններ, Փաշինյանը վստահեցրեց. ՛՛Երեխան ոչ մի անբուժելի հիվանդությամբ վարակված չէ: Կարող եմ ձեզ վստահեցնել՛՛:

  • Կիսվել: