երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մեր դաշնակիցները ՀՀ-ի ներքին կյանքին չեն խառնվում, հավաքական Արևմուտքն է աջակցում իշխանություններին. Սերժ Սարգսյան

Մեր դաշնակիցները ՀՀ-ի ներքին կյանքին չեն խառնվում, հավաքական Արևմուտքն է աջակցում իշխանություններին. Սերժ Սարգսյան

Եկեք չկանխատեսենք՝ հաջողություն կգրանցվի, թե չի գրանցվի, բայց մինչեւ այսօր, համենայնդեպս, պայքարն ընթանում է, եւ չեմ կարծում, որ դեպի նվազում է գնում: Այս մասին այսօր Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

«Տեսնենք: Բայց ենթադրենք հիմա հնարավոր չէ կանխել, կամ նախկինում հնարավոր չէր կանխել, ապա ի՞նչ եք առաջարկում, որ դադարեցվի, ընդհանրապես չպայքարե՞նք: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում, քան պայքարելը:

Ակցիա անողները չունեն հնարավորություն ստորագրողների ձեռքից բռնելու: Այդ ակցիաները նրա համար են, որ այդ ստորագրողները այլեւս այդ իրավունքը չունենան: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում»,-ասաց նա:

Հարցին՝ ում նկատի ունի, երբ ասում է, որ իշխանություններն ունեն արտաքին աջակցություն, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Առաջին հերթին նկատի ունեմ կոլեկտիվ Արեւմուտքին, որովհետեւ տարդիցիոն երբեք մեր դաշնակիցները կամ ոչ արեւմտյան երկրները որեւէ հայտարարություն մեր ներքին կյանքին վերաբերող գրեթե բացառում էին: Իհարկե, տարբեր ժամանակներում եղել են հայտարարություններ, բայց ոչ ուղիղ: Մենք ԵԽ անդամ ենք եւ ԵԽ երկրներն են պարտավոր զբաղվել այդ գործով, որովհետեւ մենք այդպիսի պարտավորություններ ընդունել ենք այնտեղ»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանից եւ Թուրքիայից եւս հայտարարություններ են հնչել այդ շարժման վերաբերյալ, Երրորդ նախագահն ասաց. «Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումներն ինձ համար ոչինչ  չեն նշանակում: Նրանք այդ իրավունքն էլ չունեն, թեեւ իրենք էլ են ԵԽ անդամ. Մեկն անդամ է, մյուսի անդամությունը կասեցված է»:

  • Կիսվել: