հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք շատ արագ դեէսկալացիայի հնարավորություն ունենք. սպասում ենք՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ. Փաշինյան

Մենք շատ արագ դեէսկալացիայի հնարավորություն ունենք. սպասում ենք՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Նորք Մարաշի նախընտրական շտաբում է:

Կուսակցության համակիրների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ ոչ մի տրամաբանության մեջ չէր մտնում, որ պատերազմից հետո Կառավարությունը կկարողանա պահպանել իր դիրքերը, խորհրդարանական մեծամասնությունը կկարողանա պահպանել իր դիրքերը: Քաղաքագիտական վերլուծություններ են արվում, թե ինչպես դա տեղի ունեցավ:

«Դրա բացատրությունը գուցե այնքան էլ քաղաքագիտական չէ: Իմ համոզմունքն այն է, որ դրա համար վճռական գործոն է դարձել այն էմոցիոնալ և հոգևոր կապը, որ գոյություն ունի քաղաքացիների և Կառավարության միջև»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ ամենահրատապ խնդիրներին՝ նշելով, որ առաջնայինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակն է:

«Իմ գնահատմամբ՝ մենք շատ արագ դեէսկալացիայի հնարավորություն ունենք: Վերջին օրերին մեր մի շարք գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով: Եվ ես ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել իրավիճակին այդպիսի ուշադրությամբ հետևելու համար, շնորհակալություն հայտնել ՌԴ մեր գործընկերներին, Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, Հնդկաստանին, Եվրախորհրդարանին, Կանադային, մյուս երկրներին, որոնք արձագանքել են:

Բայց ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ տարածած հայտարարությանը: Ողջունում եմ այդ հայտարարությունը, և այնտեղ ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն, ըստ էության, ընդունելի է մեզ համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել, որ անհետաձգելի քայլեր ձեռնարկվեն սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Առաջարկվել է, որ կողմերը իրենց զորքերը հետ քաշեն: Եվ այս համատեքստում է արված հայտարարությունը անհետաձգելի քայլերի մասին:

Եվ շարունակությունը կարևոր է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացնել սահմանային կետերի ճշգրտման աշխատանք՝ դեմարկացիա, դելիմիտացիա: Ուզում եմ հավաստել, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է գնալ այդ ճանապարհով և մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը: Սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միաժամանակ սկսենք զորքերի հետքաշումը: Խոսքը մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածի մասին է: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո սկսել հենց այդ հատվածից սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները և իհարկե պատրաստ ենք համանախագահության շրջանակներում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը պաշտոնակատարը հիշեցրեց, որ հայտարարության մեջ անդրադարձ կար նաև գերիների խնդրին, ասվում էր, որ պետք է գերիները վերադարձվեն: Փաշինյանն անդրադարձավ նաև ՊՆ հայտարարություններին՝ ողջամիտ ժամկետում զորքերը դուրս չբերելու դեպքում մեր սահմանի պահպանության համար համապատասխան օպերացիա իրականացնելու մասին: 

«Քանի որ համանախագահող երկրները առաջարկել են հրրաժարվել ուժի կիրառման կամ դրա սպառնալիքից այս խնդրի լուծման համատեքստում, և քանի որ այդ մոտեցումը համահունչ է մեր պատկերացուներին, ուզում եմ ասել, որ ամբողջությամբ ընդունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, որոնք ձևակերպված են երեկ տարածված հայտարարությամբ»,- հավելեց Փաշինյանը:

  • Կիսվել: