հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մենք քանդել ենք հազարամյա անեծքը, որը թույլ չէր տալիս անկախ լինել. Փաշինյան

Մենք քանդել ենք հազարամյա անեծքը, որը թույլ չէր տալիս անկախ լինել. Փաշինյան

Մենք քանդել ենք հազարամյա անեծքը, որը թույլ չէր տալիս անկախ լինել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայրենասիրության կայսերական մոդելը մեզ ասում էր հայրենասեր ես, սիրում ես հայրենիքդ, ահա ուրեմն փնտրիր քո հայրենիքը Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Փնտրիր քո հայրենիքը, որտեղ ուզում ես, հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում, բայց ոչ երբեք Հայաստանի, թեկուզ խորհրդային Հանրապետությունում, որովհետև եթե դու քո հայրենիքը փնտրես ու տեսնես Հայաստանում, ու նրանով պարփակված, դու կարող ես պետություն դառնալ, դու կարող ես ինքնիշխան դառնալ, դու կարող ես անկախ ու զարգացած դառնալ, իսկ դա արդեն վտանգավոր է։

Ու՞մ համար է վտանգավոր, Խորհրդային Միության, Խորհրդային կայսրության համար, և Խորհրդային Միությունը գտավ հաճելին օգտակարի հետ համատեղելու էֆեկտիվ մի բանաձև, հայկական օրգանական հայրենասիրությունը ուղղորդել առավելապես Հայաստանի սահմաններից դուրս, սրանով հայ ժողովրդին շարունակաբար դարձնելով ԽՍՀ մեծապետական ամբիցիաների գործիք, իսկ մյուս կողմից, Խորհրդային Միության ներսում, գործուն պահելով «բաժանիր որ տիրես» հազարամյակներով փորձարկված բանաձևը։ Սա էր այն մոդելը, որը պետք է անհնար դարձներ Հայաստանի իրական պետության գոյությունը, և Հայաստանի իրական պետությունը, իրական անկախությունը, իրական ինքնիշխանությունը անհնարին դարձնող հանգույցն ենք քանդել և այսօր արդեն գտնվում ենք այդ հանգույցից այս կողմ։

Սա է պատճառը, որ մեզ մեղադրում են քանդելու մեջ՝ Հայաստանի ֆիզիկական և բովանդակային կառուցապատման ֆոնին։ Հայաստանում երբեք շատ վաղուց առնվազն այս ծավալի շինարարություն չի եղել, բայց մեզ մեղադրում են քանդելու մեջ որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ուժեղ, իրապես ինքնիշխան պետություն։

Մենք քանդել ենք այդ անեծքը, որ հազարամյակների խաչմերուկում, երբ թվում էր, թե պատմական ավանդույթի ու շրջափուլի բերումով հայ ժողովրդի պետությունը գնում է դեպի հերթական անխուսափելի կործանման, ի հայտ եկավ բացարձակապես անսպասելի մի գործոն, Հայաստանի սնուցող մայրերի գործոնը, որոնք կործանելով ուրիշների կողմից մեզ պարտադրված, մեզ համար պատրաստված հայրենասիրության մոդելը, մեզ պարտադրեցին ձևավորել պետականակենտրոն հայրենասիրության ուղերձը։ Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»– հայտարարեց նա։

  • Կիսվել: