Մենք մեքենաների թվի հետ կապված պրոբլեմ ունենք, ես երեկ անձամբ ականատես եղա, թե Երևանի կենտրոնում ի՞նչ է կատարվում․ Փաշինյանը՝ խցանումներ մասին
Մենք մեքենաների թվի հետ կապված պրոբլեմ ունենք, ես երեկ անձամբ ականատես եղա, թե ասենք 6:20-ի ժամանակահատվածում Երևանի կենտրոնում ի՞նչ է կատարվում. ես հեծանիվով այստեղից Բաղրամյան 26 հասնելու պրոբլեմ ունեի խցանման պատճառով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չէի կարող մտածել, որ կարող է ժամ լինի, որ նույնիսկ հեծանիվով հնարավոր չլինի անցնել։ Մեքենաները բերում, բերում են, որտե՞ղ են տեղավորվելու այդ մեքենաները։ Ես համաձայն եմ, որ նույնիսկ խցանման պարագայում ավելի լավ է էլեկտրոմոբիլը լինի, որովհետև խցանման մեջ կանգնած մեքենայի շարժիչը աշխատում է, արտանետումների հարց կա, և մենք պիտի հասկանանք՝ ինչ ենք անում։
Իհարկե ես առավոտյան հանձնարարել եմ, որ ՆԳՆ–ն, ՏԿԵՆ–ը, Երևանի քաղաքապետարանը, ոչ թե աշխատանքային, այլ ճգնաժամային խումբ ստեղծենք։ Ես հասկանում եմ, որ օրվա բոլոր ժամերին չի, որ այդպես է, բայց դա մեծ պրոբլեմ է։
Իհարկե հանրային տրանսպորտի զարգացման մասին խոսել ենք, կառավարությունն էլ միջոցներ հատկացրեց, որպեսզի տրոլեյբուսներ ձեռք բերի Երևանի քաղաքապետարանը, բայց մենք պետք է հասկանանք, որ այսպես մենք սխալ տեղ ենք գնում»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա կրկին հիշատակեց հեծանիվով երթեւեկելու մասին, նշելով, որ կան էլեկտրական հեծանիվներ, որոնցով առանց մեծ ջանքի կարելի է նաև բարձրանալ Նոր Նորք. «Բայց նույնիսկ եթե խոսքը ջանքի մասին է, հազար ներողություն, ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ, որովհետև այդ խցանումը արդեն մարդու նյարդային վիճակի վրա ազդում են»։
Փաշինյանը խոստովանեց, որ հեծանիվով երթեւեկելու ուսանողների համար ընդունած ծրագիրը չի աշխատում, նկատելի չէ, որ ուսանողները սկսել են հեծանիվով գնալ դասի։
«Ես համոզված եմ դուք ինձնից շատ գիտեք խցանումների մասին, բայց այն ինչ որ ես երեկ տեսա, դա սարսափելի է ուղղակի։ Դա բառիս բուն իմաստով ճգնաժամ է, չի կարելի թույլ տալ, որ այդպիսի իրավիճակ լինի։ Բոլոր երկրներում էլ լինում են խցանումներ, բայց խցանում էլ կա, խցանում էլ։ Դա խցանում չի, դա քաոս է, չի հասկացվում ինչ է կատարվում, ասենք ոնց որ մի սուբստանցիա լցնես փողոցները ու ու այդպես ողողվեն փողոցները այդ սուբստանցիայով»,– հայտարարեց Փաշինյանը։


