ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ. Ալիևի օգնական

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ. Ալիևի օգնական

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ: Այս մասին The Washington Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցուցաբերել է «խաղաղության օրակարգին բարձր նվիրվածություն» և ակտիվորեն աջակցել է ադրբեջանահայաստանյան կարգավորմանը։

«Դոնալդ Թրամփի արագ արձագանքը և գործընթացին նրա լիարժեք ներգրավվածությունը արժանի են բարձր գովասանքի»,-ասել է Հաջիև:

Նա նաև հավելել է, որ 907-րդ բաժնի պահպանումը խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացին։ Հաջիևի խոսքով՝ երկու երկրներն էլ լուրջ ջանքեր են գործադրում խաղաղությունն ամրապնդելու համար, սակայն ԱՄՆ Կոնգրեսում որոշակի նախաձեռնություններ ավելորդ են և բաժանարար։

Ալիևի օգնականը նաև ընդգծել է, որ Բայդենի և պետքարտուղար Բլինքենի վարչակազմերի օրոք երկու կողմերի միջև առաջացել են բազմաթիվ թյուրըմբռնումներ, որոնք զգալիորեն վնասել են հարաբերությունները։

Հաջիևը նաև նշել է, որ Բաքուն հետևողականորեն ամրապնդում է իր տնտեսական փոխկախվածությունը Երևանի հետ՝ մատակարարելով նավթամթերք և նպաստելով հացահատիկի արտահանմանը հայկական շուկա։

«Սա կարող է խորհրդանշական թվալ, բայց այն ունի լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ։ Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ»,-ասել է նա։

Հաջիևը նաև շեշտել է՝ Ադրբեջանի կրոնական բազմակարծության մոդելը երկիրը դարձնում է Արևմուտքի բնական գործընկեր անկայուն տարածաշրջանում:

«Հրեական և քրիստոնեական համայնքները դարեր շարունակ ապրել են այստեղ մուսուլմանների հետ կողք կողքի: Սա մեր ավանդույթն ու ինքնությունն է: Մենք վճռականորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին և զգում ենք Թրամփի վարչակազմի լիակատար աջակցությունը»,-ասել է Ադրբեջանի նախագահւ օգնականը:

  • Կիսվել: