ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին

Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին

«Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր են ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Նախարարը շեշտեց, որ կիսում է Բայդենի ուղերձում արտահայտված միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցագործությունների կրկնությունն ապագայում:

«Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում ՀՀ-ն միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է»,- ասաց նա:

Նախարարն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որում նա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու կոչ է արել:

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը: Բայց մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ՝ գործերը»,- նշեց նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: