շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք հարցի լուծումը տեսնում ենք միայն ազգերի ինքնորոշման մեջ եւ մեծ հույս ունեինք ԱՄՆ-ից. Արցախցիների ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ

Մենք հարցի լուծումը տեսնում ենք միայն ազգերի ինքնորոշման մեջ եւ մեծ հույս ունեինք ԱՄՆ-ից. Արցախցիների ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ

Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երեւանում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը ԱՄՆ դեսպանտան ներկայացուցչին ներկայացնելով իրենց պահանջները՝ նշեց. «Դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանմում Ղարաբաղի բնակչությունը ճնշվում էր երեք բռնի ուժի կողմից՝ հայ կոմունիստերի, որոնք անվերապահ ենթարկվում էին Մոսկվային, Ադրբեջանի տեռորիստական հանրապետության եւ նրանց բոլորի վերեւում կանգնած էր խորհրդային բռնապետությունը: Մեր ազատ ապրելու ցանկությանը խորհրդային  բռնապետությունը պատասխանեց Սումգայիթի, Գանձակի, Բաքվի ջարդերով:

Այսօր միջազգային հանրությունը հայտարարելով, որ պատերազմական լուծում չի լինելու, փորձում է Ադրբեջանի պատերազմական լուծումն արդարացնել: Օրինակ, ինչու ամերիկյան 907-րդ հոդվածը չի գործում մեր պարագայում, ինչու է ամեն անգամ դա շրջանցելով ԱՄՆ կառավարությունը զենք տալիս Ադրբեջանին: Մենք հարցի լուծումը տեսնում ենք միայն ազգերի ինքնորոշման մեջ եւ մեծ հույս ունեինք ԱՄՆ-ի վրա, քանի որ ԱՄՆ-ն հայտարարել է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման դրոշակակիր: Մեր հույսը դարձյալ ԱՄՆ-ն էր: Մենք մի քանի օր առաջ մոտ 10 ՀԿ-ներով նամակ ենք գրել՝ հանդիպելու համար եւ սպասում ենք դրա պատասխանին: Մենք շատ ենք ցանկանում դեսպանի հետ հանդիպել եւ բացատրել այն իրավիճակը, որում հայտնվել ենք, եւ պարզաբանումներ ստանալ մեր ապագայի հետ կապված»:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարեց, որ ճիշտ կլինի հանդիպում կազմակերպել, որի ժամանակ ՀԿ-ների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց հուզող խնդիրները: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դա կլինի հինգշաբթի:

Պայմանավորվելուց հետո Մարգարիտա Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Առաջին հերթին պետք է տեղից շարժվեն Արցախի եւ Հայաստանի իշխանությունները. Մենք չենք կարող ուրիշներից բան պահանջել, եթե ինքներս ոչինչ չենք անում բլոկադան վերացնելու համար:

Ադրբեջանը չի գնում բանակցությունների, այլ պարտադրում է, որ արցախիցները պետք է ապրեն իր տիրապետության տակ, դառնան իր երկրի քաղաքացիները:

Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի պես կպնդի, որ ազատատենչ արցախիցները պետք է ապրեն տոտալիտար ու ֆաշիստական Ադրբեջանի տիրապետության տակ: Մենք պետք է հասկանանք, թե որտեղից է այդ հայտարարությունը եկել:

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում հումանիտար խնդիր չէ, քաղաքական խնդիր է, եւ մինչեւ մենք չպնդենք, որ մեր ինքնորոշման իրավունքն է դրված այս ամենի հիմքում, ոչինչ չի ստացվի»:

  • Կիսվել: