Մենք արդեն կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի նիստին անդրադարձավ 2018 թվականից հետո իրականացված՝ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում իշխանությունները շարունակաբար օգտագործել են «կոպեկ առ կոպեկ», «լումա առ լումա» և այլ արտահայտություններ, որոնք ժամանակի ընթացքում մեմերի են վերածվել։ Ըստ Փաշինյանի՝ այդ գործընթացն հասել է իր լրումին։
«Բանը հասել է այնտեղ, որ մենք արձանագրել ենք, որ տրված հնարավորություններն օգտագործելու համար բոլոր տրամաբանական և անտրամաբանական ժամկետները սպառված են, հետևաբար դուռը և պատուհանը փակվում են:
Հիմա նաև օրենսդրական փոփոխություններ կանենք, որպեսզի ապօրինի գույքի բռնագանձման հնարավորությունը, այն, որ կա 25 տոկոս, 75 տոկոս հաշտեցման հնարավորություն, այդ դուռն էլ կփակենք:
Մենք կենտրոնացած ենք լինելու արդեն հատիկ առ հատիկի, լումա առ լումայի եզրափակիչ արարի իրականացման վրա, մանավանդ որ արդեն դե յուրե բոլոր մեխանիզմները ստեղծվել են, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը՝ խնդրելով հայտարարությունն ընկալել որպես քաղաքական հայտարարություն:
Ըստ Փաշինյանի՝ քաղաքական իրողություն է այն, որ ժողովրդից գողացածը վերադարձվում է ժողովրդին:



