ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին. Բաբաջանյան

Մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին. Բաբաջանյան

«Այն, ինչ անցած շաբաթվանից տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում, ամենևին պատահական չէ»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով, առանձին-առանձին կատարվող իրար հետ կապ չունեցող միջադեպերը իրար հետ կապված են պատճառահետևանքային կապով, իսկ նպատակը մեկն է՝ ամեն գնով նսեմացնել այս կարևորագույն պետական ինստիտուտի՝ ԱԺ-ի կշիռը, որպեսզի այն անընդունակ դառնա ստանձնել այնպիսի հիմնարար խնդիրների լուծումը, որոնք անշրջելիորեն երկիրը կկտրեն անցյալից։

Արման Բաբաջանյանը նշեց՝ այն, որ այսօր հնարավոր է նման իրավիճակներ ու քաղաքական գործընթացներ, մեծապես պայմանավորված է մեծամասնությամբ և իշխանության անցյալի հետ անպտուղ բանավեճի մտնելու պատճառով:

«Ես բոլորովին այլ ելույթ էի պատրաստել, բայց երեկ տեղի ունեցած որոշ զարգացումներ հօդս ցնդրեցին նախնական ելույթի բովանդակությունը: Խոսքը վարչապետի և Արդարադատության նախարարի հանդիպմանն է առնչվում: Ով կմտածեր, որ հեղափոխությունից երկու տարի անց, կարող է առհասարակ նման բան լինել՝ դատական համակարգի առողջացման փոխարեն այսպիսի շրջադարձ: Ռուստամ Բադասյանը երեկ վարչապետի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց վարչապետին ապացուցելու, թե ինչու Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն, որոնք կստիպեն դատավորներին նախկիններից տարբեր գործելաոճ որդեգրել: Ռուստամ Բադասյանը երեկ գործնականում ռեկորդ սահմանեց՝ հեղափոխության առաջնորդին համոզելով, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանությունը, հանուն որոնց փոփոխության տեղի է ունեցել նույն այդ հեղափոխությունը»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Մինչդեռ, ըստ նրա, այսօր Նիկոլ Փաշինյանի և քաղաքական մեծամասնության արդարադատության նախարարից պետք է լսեին դատական համակարգում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու ռազմավարություն մշակելու, ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականի մասին հաշվետվություն։

«Բայց փոխարենը մենք լսեցինք, թե ինչպես արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել են նրա իսկ տված հանձնարարականի կատարումը։ Այսպիսով, Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ այլևս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության կանոնների մասին, քանի որ պարզվում է, որ դրանց կիրառմանը խանգարում է Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովը, խանգարում է այն ամենը ինչ հնարավոր է»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը նաև նշեց՝ երեկ արձանագրվեց այն, որ վարչապետին բավարարում են իր արդարադատության նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հնարավորինս հեռու պահելու մասին հիմնավորումները․ «Դրանք գրեթե նույնական են մեր երկրում արդարադատությունը բռնաբարած նախարարներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկների ու բերած ապացույցների հետ։ Հակառակ պարագայում, չընդունելու պարագայում մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին, ինչը դեռ չկա այդպիսի տեղեկություն, ինչը նշանակում է, որ Փաշինյանը և ԱԺ մեծամասնությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատական համակարգի բարեփոխումների տապալման համար»։

  • Կիսվել: