ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Նշենք, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը:Փաստաթուղթը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ի էջում, ասվում է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է «քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ «հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Նշվել է նաև քայլերի հաջորդականություն, ըստ որի «առաջին քայլը պետք է լինի հայկական զորքի դուրսբերումը Ղարաբաղից և Ղարաբաղի փոխանցումն Ադրբեջանի կազմ, որից հետո Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցությունը»:

  • Կիսվել: