Մեկ ամիս ժամանակ կա. ՇՄ նախարարը՝ ընտրական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվելու մասին
Այս պահին դեռ չեմ առաջադրվել: Երբ որոշումը կայացնեմ պաշտոնական, դիմեմ կուսակցության վարչությանը, ձեզ կտեղեկացնեմ որոշման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026-ի հերթական խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվելու մասին հարցին:
Նա, մասնավորապես, նշեց. «Ես կուսակցության անդամ եմ, անկախ նրանից՝ կառաջադրվե՞մ, թե՞ ոչ: Առհասարակ, առաջադրվելը ԱԺ-ի հաջորդ ընտրությունների ցուցակին է վերաբերում: Ես պետք է հասկանամ, քննարկեմ գործընկերների հետ՝ արդյոք, օրինակ, իմ պատկերացնումներով կամ գործընկերների պատկերացումներով, շարունակելու եմ իմ գործունեությունը ԱԺ-ո՞ւմ, թե՞ Կառավարությունում: Այսինքն՝ նման հարցերի մասին է խոսքը: Գործող նախարար եմ և կուսակցության անդամ, միանշանակ կիսում եմ իմ գործընկերների, Կառավարության քաղաքականությունը. այդտեղ հարց չի կարող լինել: Մեկ ամիս ժամանակ կա. ես այսօր առավոտյան եմ վերադարձել Հայաստան»:


