երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեղրիի ճանապարհը բացելու դեպքում Վրաստանը եւ Իրանը դառնում են մեզ թշնամի. Մենք հայտնվում ենք բլոկադայի մեջ. Ս. Բաբայան

Մեղրիի ճանապարհը բացելու դեպքում Վրաստանը եւ Իրանը դառնում են մեզ թշնամի. Մենք հայտնվում ենք բլոկադայի մեջ. Ս. Բաբայան

Մենք ցանկություն չունենք տարածաշրջանը տանել խոշոր պատերազմի, իսկ այն, ինչ անում են գիտակցաբար, թե անգիտակցաբար, թե Ռուսաստանը, թե մերոնք, տարածաշրջանը տանում են պատերազմի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:

«Երբ Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում են Միջին Ասիայի եւ Կովկասի երկրների ընդհանուր միություն ստեղծելու մասին, Ռուսաստանի տակից հանում են 85 միլիոնանոց շուկա, ՆԱՏՕ-ի սահմանները գալիս, հասնում է մինչեւ Ուզբեկստան, ու պարզ է՝ իրենք ուր են տանում: Հայաստանն այդտեղ ի՞նչ է լինելու: Հայաստանը պետք է կողմնորոշվի, Ռուսաստանը ճիշտ է ասում: Ասում են՝ երկու տարբերակ կա, բայց ես համարում եմ, որ երրորդ տարբերակն է ճիշտ, երկուսի հետ էլ պետք է իր շահերից բխող գործի: Ոմանք կարծում եմ, որ պետք է գնանք մտնենք էդ միության մեջ, Մեղրիով լոգիստիկ ճանապարհ կառուցենք եւ մասնակցենք այդ ամբողջ տնտեսական շարժին, փորձենք ինտեգրվել այդ կառույցին, որ մեր շահերից է բխում: Մեզ ընդդիմանում է Իրանը, որ ասում է՝ դա իմ շահերից չի բխում, դա ինձ համար կարմիր գիծ է: Ես էլ ասում եմ՝1989 թվականին դու մեր կարմիր գիծը խախտել ես, հիմա էթլ մենք ենք խախտում: Դուրն չի գալիս չէ՞: Դե եթե դուր չի գալիս, Իրանը պետք է բացի իր սահմանները Հայաստանի ապրանքների համար, ոեր առեւտուր անենք: Հայաստանը այն, ինչը պետք է Մեղրիի ճանապարհով վաստակեր, կորցնում է, դու պետք է դա փոխհատուցես, շուկադ պետք է բացես»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը մեզ արգելեց անգամ փրկիչ մեքենաներ բերել Հայաստան. «Այդ ճանապարհը բացելով մենք զրոյացնում ենք նաեւ Վրաստանի դիրքը: Վրաստանի բյուջեի 40-45 տոկոսը  գոյանում է նավթի, գազի եւ այլ ապրանքների տրանզիտից:

Եթե մենք Մեղրիի ճանապարհը տալիս ենք, դա 30 տոկոսով կրճատում է ճանապարհի երկարությունը, ավելի հարթ ճանապարհ է: Հայաստանին 43 կմ տարածքով տրանզիտի համար են փող տալիս, իսկ Վրաստանի տարածքում 460 կմ-ի համար:

Ռուսաստանն ասում է՝ ես հիմա թույլ եմ, ինձ տեղ տվեք այդտեղ, պահակ աշխատեմ այդ ճանապարհի վրա, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու այդ ճանապարհը, լինելո՞ւ են այնտեղ ռուս սահմանապահներ, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Դա մեր տրանզիտ, սուվերեն տարածքն է լինելու: Այստեղ հարցն այլ է: Այդտեղ եղել է երկաթուղի, բայց չի եղել ավտոճանապարհ, մենք նորովի այն պետք է կառուցենք: Ադրբեջանն ասում է՝ եկեք մեքենայի ճանապարհ կառուցենք:

Հայաստանը պետք է իր դիրքորոշումը հստակեցնի: Եթե Հայաստանն ընտրում է Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Իրան ճանապարհը, ոչ թե Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ճանապարհը, այդ դեպքում Ադրբեջանն ասում է՝ 4 գյուղը անհապաղ կտաք: Հետո դնելու է անկլավների հարցը, եւ լարվածությունը շարունակվելու է: Եթե ընտրում ենք երկրորդ տարբերակը, մենք ավտոմատ մնում ենք բլոկադայի մեջ: Այսօր ոչ թե Ադրբեջանը պետք է մեզնից երաշխիք ուզի, թե ոնց է մեր տարածքում 43 կմ անցնելու, այլ մենք պետք է իրենցից երաշխիք ուզենք, թե իրենց տարածքով 600 կմ ոնց են անցնելու մեր մեքենաները, մեր քաղաքացիները: Եթե մենք գնանք այս տարբերակով Վրաստանը դառնալու է մեզ թշնամի, նույնը՝ Իրանը: Այդ դեպքում հարց է ծագում՝ մենք որտեղո՞վ ենք շարժվելու:

Հիմա եթե մենք սա չենք գիտակցում, դա բերելու է պատերազմի: Միջին Ասիան եւ Կովկասը 85 միլիոնանոց շուկա է, որը հիմա հանում են Ռուսաստանի տակից՝ իր ամբողջ հարստություններով»,- ընդհծեց Արցախի նախկին պետնախարարը:

  • Կիսվել: