Մատնանշեմ մեկ «անճշտություն», որը հնչեցրեց Սարգսյանը. Քրիստինե Պողոսյան
«Իմ քայլը» խմբակցության անդամ, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի այսօրվա մամուլի ասուլիսին՝ մատնանշելով, իր խոսքով, ՛՛մեկ անճշտություն՛՛, որը հնչեցրել է Սարգսյանը:
Այսպես, Սարգսյանը հայտարարեց. «Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»: Մինչդեռ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռևս 2016 թվականի ապրիլին կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայկական կողմը Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման հետախուզական տվյալների է տիրապետել։ Ըստ նրա՝ հրամանատական կազմին զեկուցվել է հակառակորդի տեղափոխությունների մասին։
Նա ասել է. «Մենք ունեցել ենք մեր հետախուզության համապատասխան տեղեկությունը, որը կանոնավոր կերպով տեղեկություն է հավաքել հակառակորդի կազմի, նրա տեղափոխության, հնարավոր գործողությունների մասին։ Հենց դա է օգնել հայկական ուժերին դիմակայել հակառակորդին ճակատի ողջ գծով և հաջողությունների հասնել», և սա՝ ասուլիսի մեկ նախադասության մասին միայն։
Մնացած բոլոր հարցերի պատասխանները կլինեն զեկույցում։ Այսպես էլ «աշխատել» են տասնյակ տարի»։