Մարզպետարանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի անհետ կորած Տիգրանի ընտանիքին․ մարզպետ
Երեքամյա Տիգրանի մասին որևէ նորություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են, տեմպը չի թուլանում։ Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ քրեական գործ է հարուցվել։ «Ոչ մի վարկած չի բացառվում, բոլորն էլ քննարկվում և ուսումնասիրվում են»,- նշել է պաշտոնյան։
Սարգսյանը հայտնել է, որ Տիգրանի ընտանիքը օգնություն է ստացել գյուղապետարանի կողմից։ Նա հավելել է, որ ընտանիքին առաջիկայում օգնություն կտրամադրվի նաև մարզպետարանի մակարդակով։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում շարունակվում են անհետացած երեքամյա Տիգրանի որոնողական աշխատանքները, որոնցում ներգրավված են ոստիկանության և փրկարարների բազմաթիվ ուժեր։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են ինչպես գյուղի տարածքում, այնպես էլ հարակից անտառներում, ինչպես նաև Սևանա լճի ափին։


