հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա․ Մանե Գևորգյան

Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնա Մանե Գևորգյանն իր ցավկացությունն է հայտնել  Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ իրավապահները պետք է նշված դեպքերի արագ ու համակողմանի քննություն իրականացնեն։ 

«Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից:

Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են եւ ժամանակն է էլ ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության դեմ պայքարում, իսկ կիզակետում հայտնված անձանց խրախուսել իրավապահների հետ ակտիվ աշխատանք կատարել` նման դեպքերը կանխարգելելու եւ բացառելու համար:

Ընդամենը մի քանի ամիս առաջ հիվանդանոցից դուրս գրվեց Գյումրիում ծեծի ենթարկված 14-ամյա մի աղջնակ, ով դաժան բռնության էր ենթարկվել եւ երկար ժամանակ ապաքինվում էր, նրա մայրը դարձյալ բռնության զոհ էր դարձել:

Իրավապահները պետք է նշված դեպքերի արագ ու համակողմանի քննություն իրականացնեն: Կարծում եմ, որ դեպքերի դատական ելքերը որոշ չափով կկանխեն դրանց կրկնությունը։

Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին»,- ասվում է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: